Արմինֆո. Պետք է հասկանալ, որ այս աշնանը Ռոբերտ Քոչարյանը բոլոր հնարավոր ջանքերը կներդնի սեփական ազատությունն ու բավականին պատկառելի գույքը փրկելու ուղղությամբ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը։
"Իմ կարծիքով, այդ նպատակին հասնելու միակ միջոցը նրա համար մնում է քաղաքական, այլ ոչ թե իրավական հարթությունը։ Նա պատրաստվում է "վերադառնալ քաղաքականություն", բայց, այսօրվա քաղաքական դաշտում տեղ չկա այնպիսի "քաղաքականության" համար, ինչով երկար տարիներ նա զբաղվել է", - նշել է նա։
Վերլուծաբանի գնահատմամբ, Քոչարյանի "վերադարձի մասին" հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական գործունեության իմիտացիայի փորձ, սեփական գործունեությունը քաղաքական շղարշով ձգելու փորձ: Այս ամենի նպատակը, ըստ Սաֆարյանի, մեկն է՝ իրեն ներկայացնել որպես քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձ։
Նրա կարծիքով, ի տարբերություն Քոչարյանի, ում շրջապատն ու փաստաբանները հստակ տեսնում են իրենց առջև դրված նպատակները, Հանրապետական կուսակցության մնացորդներն այսօր կազմակերպված չեն, թուլացած են և չունեն, նույնիսկ, սեփական գործողությունների ծրագիր: Ուստի, նա չի կարծում, որ հանրապետականները կարող են լուրջ մարտահրավեր նետել իշխանություններին։ Իշխանությունը, իր հերթին, գործում է ակնհայտորեն ոչ լավագույն ձևով։
"Այսօր մենք հետևում ենք իշխանություններին, իշխող կուսակցությանը եւ տեսնում ենք անկազմակերպություն, բայց չենք տեսնում լուրջ տարաձայնություններ: Այս լույսի ներքո՝ իմ կարծիքով, "Իմ քայլը" դաշինքին անհրաժեշտ է հնարավորինս արագ ինքնակազմակերպվել։ Ցավոք, առայժմ Ազգային ժողովը, որտեղ քաղաքական մեծամասնություն են կազմում գործող վարչապետի կողմնակիցները, դեռեւս իրեն չի դրսեւորել որպես քաղաքական մտքի, կարծիքի եւ ծրագրերի արտահայտման գլխավոր հարթակ", - ամփոփել է ՄԱՀՀԻ տնօրենը։