Արմինֆո. ՀՀ արդարադատության նախարարությունը ռուսական կողմից որեւէ հարցում չի ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ նախատեսվող այցի ժամանակ հանրապետության ՔԿՀ այցելելու ցանկության վերաբերյալ:
Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ ռուսական կողմը խնդրել է Հայաստանին ապահովել ՌԴ նախագահի անվտանգությունը ՀՀ իր աշխատանքային այցի շրջանակներում ՔԿՀ-ներից մեկը այցելելիս:
<Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, այդ առնչությամբ ռուսական կողմից որևէ հարցում մենք չենք ստացել>, - ասել է Մարտիրոսյանը:
Նշենք, որ այսօր հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ռուսական կողմը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան նախատեսվող աշխատանքային այցի շրջանակներում խնդրել է ապահովել նրա անվտանգությունը ՔԿՀ-ներից մեկի այցելության ժամանակ: Հայկական ԶԼՄ-ներում վաղուց լուրեր են շրջանառվում, որ Հայաստան այցի ընթացքում Պուտինը մտադիր է հանդիպել սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով
բանտում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Նշենք, որ ՌԴ նախագահի այցը նախատեսված է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում: