Արմինֆո. Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը Հարավային Կովկասում, հիմնականում, հակասական բնույթ են կրում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
"Ընդհանուր առմամբ, այդ շահերը տարբեր բևեռներում են։ Խոսքը Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և ազդակների մասին է, անշուշտ, Նախիջևանի, ինչպես նաև տարածաշրջանային մյուս բոլոր խաղացողների մասին։ Եվ, իմ կարծիքով, Մոսկվայի եւ Անկարայի շահերից բխող հակասություններն ու հակադրությունները մեր տարածաշրջանում շարունակվելու են։ Այստեղ հարկ է նշել, որ ռուս-թուրքական հարաբերություններում շարունակվող ջերմացումը ոչ մի կերպ չի շոշափում դրանց բավականին լայն սպեկտրը։ Խոսք է գնում բացառապես տնտեսական եւ ռազմարդյունաբերական փոխգործակցության մասին", - ընդգծել է նա։
Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների աշխարհաքաղաքական բաղադրիչը, որը հատկապես վերաբերում է Հայաստանին և ավելի լայն՝ Հարավային Կովկասին և Մեծ մերձավոր արևելքին, այս փուլում, ըստ թուրքագետի, գտնվում է Ռուսաստանի և Թուրքիայի շահերի հակառակ բևեռներում։ Նրա կարծիքով, դա Հայաստանին բնավ առանձնահատուկ հանգստության առիթ չի տալիս, քանի որ մեծ խաղացողների աշխարհաքաղաքական մեծ խաղերի ժամանակ ավելի փոքր խաղացողների շահերը, որպես կանոն, շատ հեշտ ոտնահարվում են։ Այս լույսի ներքո՝ Հայաստանը, նրա կարծիքով, պետք է պատրաստ լինի և սեփական շահերը պաշտպանի բոլոր հնարավոր միջոցներով, ներառյալ՝ դիվանագիտական։
Թուրքագետի գնահատմամբ՝ Սիրիայում թուրքական բանակի մասնակցությամբ վերջին իրադարձություններն ուղղակիորեն առնչվում են Հայաստանին՝ հաշվի առնելով Հայաստանի դաշնակից և ոչ բարեկամ երկրների շահերի բախումը, և դա՝ չխոսելով արդեն Սիրիայի հայ համայնքի խնդիրների, հայկական մշակութային գործոնի և այլնի մասին: Այս լույսի ներքո՝ Մելքոնյանը կարծում է, որ Հայաստանի նկատմամբ Անկարայի ապակառուցողական դիրքորոշումն ու հայացքները ցանկացած պահի կարող են տեսական մակարդակից անցնել գործնականի: Այդ թվում՝ Նախիջևանի պարագայում։
"Որպես կայսերական նկրտումներով երկիր՝ Թուրքիան միշտ փորձելու է առաջ մղել այդ նկրտումներն ու սեփական շահերը, այդ թվում՝ տարբեր տարածքների բռնազավթման միջոցով։ Հուսով եմ, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերի հակասականությունը նախկինի պես կհանգեցնի Մոսկվայի հակառակ քայլերի։ Օրերս մենք դա տեսանք Սիրիայում։ Ըստ իս, հենց Ռուսաստանն է և նա է լինելու Հայաստանին շրջապատող տարածաշրջանում թուրքական ձգտումների և նկրտումների հիմնական հավասարակշռողը", - ամփոփել է Մելքոնյանը։