
Արմինֆո. Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստեփանակերտյան հայտարարություններին և ՄԱԿ ու ԵԱՀԿ հղված նամակներին ոչ այլ ինչ է, քան թյուրըմբռնման արդյունք կամ էլ միանգամայն գիտակցված, նպատակաուղղված մանիպուլյացիա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Իմ քայլը" խմբակցությունից ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը։
Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախը բնորաշել է որպես Հայաստանի անբաժանելի մաս: "Արցախը Հայաստան է և վերջ", - վարչապետը մեջբերել է պետական և ռազմական գործիչ Լեոնիդ Ազգալդյանի խոսքը:
Դրանից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն նամակով դիմել է ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ԱԳ նախարարներին եւ խմբի մյուս բոլոր անդամներին: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւայի խոսքերով, ՄԱԿ եւ ԵԱՀԿ հղած նամակներում Ադրբեջանի ԱԳՆ-ն "հանգամանորեն շարադրել Է ստեղծված իրավիճակի վտանգավորությունը, որը առաջացնում են Փաշինյանի հայտարարությունները": "Մենք Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները դիտարկում ենք որպես կարմիր գծի անցում, որի հետեւում իրավիճակի էլ ավելի սրումն է", - նշել է նա:
"Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններում և արձագանքներում ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում։ Իրադարձությունների նման զարգացումը միանգամայն կանխատեսելի էր։ Սակայն, իրականում, Արցախի սուբյեկտության և Հայաստանին պատկանելության մասին Փաշինյանի հայտարարություններում հակասություն չկա։ Հայաստանի վարչապետի խոսքերը ոչ մի կերպ չեն հակասում հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու Հայաստանի պատրաստակամությանը", - ընդգծել է նա։
Զոլյանի գնահատմամբ՝ կողմերի՝ միմյանց մոտեցումներին փոխադարձ ծանոթությունը բանակցային գործընթացի անհրաժեշտ բաղադրիչն է։ Եվ Երևանի կողմից սեփական մոտեցումների անկեղծ ու ժամանակին ներկայացումը, նրա կարծիքով, այս լույսի ներքո միանգամայն նորմալ է թվում։
Ընդ որում, պատգամավորը համոզված է, որ Հայաստան ասելով Փաշինյանը նկատի է ունեցել Հայաստանը՝ որպես աշխարհագրական, պատմամշակութային միավոր։ Քանի որ քաղաքական իմաստով Հայաստանի վարչապետը միշտ հստակ օգտագործում է քաղաքական տերմինաբանությունը, տվյալ կոնկրետ դեպքում ՝ "Հայաստանի Հանրապետությունը" և "Արցախի Հանրապետությունը" ։