Արմինֆո. Ղարաբաղյան հարցի կարգավորումը պահանջում է համազգային ներուժի համախմբում եւ ուժեղ տնտեսություն: Այդպիսի համոզմունք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Nouvelle d'Arménie ամսագրում հրապարակված հարցազրույցում: Վարչապետը, մասնավորապես, հայտարարել է. ՙՄենք ունենք հակամարտություն, այդ հակամարտությունը կարգավորված չէ։
Եթե մենք ժողովուրդ ենք՝ օժտված ստրատեգիական մտածողությամբ, իսկ ես վստահ եմ, որ մենք այդպիսինն ենք, ապա մենք չենք կարող խնդիրները լուծել կարճ ժամանակում, մի քանի օրվա ընթացքում։ Մենք պետք է գիտակցենք, որ ունենք խնդիր, որի լուծումը պահանջում է համազգային ներուժի համախմբում։ Դրա համար առաջնահերթ պետք է, որ Հայաստանի հասարակությունը եւ տնտեսությունը լինեն մրցունակ, ներառական եւ մշտապես զարգացման ճանապարհին։ Մենք պետք է մեծագույն լրջությամբ ապահովենք մեր տնտեսական առաջընթացը։ Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել միայն դիվանագիտական կամ ռազմական ճանապարհներով առանձին վերցրած։
Անհրաժեշտ է ավելի լայն համակցություն, որի կենտրոնում են ուժեղ եւ մրցունակ տնտեսությունը, հզոր հասարակությունը եւ առաջատար տեխնոլոգիաներով երկիրը։ Ես արդեն բազմիցս ասել եմ՝ մեր ծրագիրը նրանում է, որ կարողանանք հասկացնել մեր բոլոր հնարավոր հակառակորդներին, որ մենք՝ որպես ժողովուրդ այնքան միասնական ենք, որպես հասարակություն՝ այնքան համախմբված, որպես պետություն՝ այնքան հզոր, որ իմաստազուրկ է մեզ հետ պատերազմելը, որովհետեւ միակ ելքը կլինի իրենց պարտությունը։ Կարիք չկա երկուստեք հանգստացնելու կամ վստահեցնելու։
Մենք պետք է հասկանանք, որ ունենք խնդիր, եւ այդ խնդիրը վերաբերում է բոլորիս։ Անկասկած, այդ խնդրի լուծումը կառավարության եւ անձամբ վարչապետի առաջնահերթությունն է։ Ես տեսնում եմ իմ գործը ոչ պարզապես համազգային ուժերը միավորելու մեջ․ պետք չէ համախմբվել սոսկ համախմբվելու համար։ Իմ խնդիրը իրական հնարավորություններ ստեղծելն է մեր ազգային ներուժը միացնելու եւ զարգացնելու համար՚։
Պատասխանելով Արցախի հետ հարաբերությունների սառեցմանն առնչվող հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. ՙԿարծում եմ՝ կոռեկտ չէ ասել, թե Արցախի հետ մեր հարաբերությունները սառել են, քանի որ ամեն օր տասնյակ պաշտոնյաններ մշտական կապի մեջ են, աշխատում են միասին։ Պետք է հստակ ասել իրերը․Արցախի իշխանությունները երկար աշխատել են նախորդ կառավարության հետ՝ բոլոր հետեւանքներով, որ դա կարող էր ունենալ։ Այսօր Հայաստանում նոր իշխանություն է, եւ, բնական է, որոշակի հարցերում կա անհամաձայնություն (ուղիղ խոսք - դիսոնանս)։ Անհրաժեշտ է գործել այդ անհամաձայնությունները վերացնելու համար։ Լավագույն միջոցը դրան հասնելու՝ եկող տարի սպասվող խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն են Արցախում։ Այդ ընտրությունների արդյունքում, որոնք կլինեն ազատ եւ ժողովրդավարական, այդ անհամաձայնությունները դուրս կգան՚։
Վարչապետը նաև ընդգծել է, որ Արցախի հետ հարաբերությունները փոխվում են ամեն օր և լավ են զարգանում։ ՙԱմեն օր մենք ներկայացնում ենք սկզբունքային հարցեր եւ գտնում ենք դրանց պատասխանները։ Մենք կարծում ենք, որ բարելավումները Արցախում պետք է նույն կարգով եւ տեմպով լինեն, ինչ Հայաստանում։ Ի վերջո, մենք միասնականության մասին ենք խոսում, այնպես չէ՞։ Այդ միասնականությունը պետք է մարմնավորվի նախեւառաջ քաղաքական ու հանրային ներդաշնակությամբ։ Այժմ, անհրաժեշտ է հաստատել ներդաշնակություն քաղաքական ոլորտում, Հայաստանի եւ Արցախի միջեւ քաղաքական բովանդակության մեջ ես պետք է ասեմ, որ համոզված եմ՝ Հայաստանի եւ Արցախի հասարակություններն ներդաշնակության մեջ են, մնում է ներդաշնակեցնել կառավարման համակարգերը։ Եվ այդ ներդաշնակությունը պետք է խորանա ամեն օր, ամեն կատարված քայլի հետ։ Այս գործընթացում, բնական է, կա մոտեցումների տարբերություն։ Բայց ի՞նչ ենք ուզում անել։ Արդյո՞ք ուզում ենք վարվել, ինչպես առաջ։ Թաքցնե՞լ խնդիրները։ Խուսափե՞լ դրանցից խոսել։ Բարձրագոչ կենացներ խմե՞լ եւ ձեւացնել, թե ոչինչ չկա՞։ Մենք կշարունակենք կենացներ ասել միայն սեղանի շուրջ։ Մնացյալ դեպքերում, մենք խոսում ենք ուղիղ, ամենայն անկեղծությամբ եւ գործում ենք՚, - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։