Արմինֆո.Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, կալանավորվել է ։ Օգոստոսի 30-ին նման որոշում է կայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը՝ բավարարելով ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ին հաղորդել էին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ էին կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։ Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման էին ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։ Նախաքննությունը շարունակվում է։