Արմինֆո. Հայաստանի հավաքականը մեկ ոսկե եւ երկու բրոնզե մեդալ է նվաճել օգոստոսի 23-29-ը Սլովենիայում անցկացված EJOI-2019 ինֆորմատիկայի պատանեկան երրորդ օլիմպիադայում:
Ոսկե մեդալակիր է դարձել "Քվանտ" վարժարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը, բրոնզե մեդալներ են ստացել Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցի աշակերտ Էմիլ Կոստանյանը և "Քվանտ" վարժարանի սան Արա Խալաթյանը:
Հավաքականի ղեկավարներն էին ԵՊՀ դասախոսներ Ալբերտ Սահակյանը և Լևոն Մուրադյանը, իսկ ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանն ընդգրկվել էր օլիմպիադայի միջազգային կոմիտեի կազմում:
Հավելենք, որ երրորդ միջազգային մրցույթին մասնակցել է 90 աշակերտ 24 երկրից: Մրցումներն անցկացվել են երկու փուլով, որոնցից յուրաքանչյուրում դպրոցականները կատարել են 3-ական առաջադրանք՝ ծրագրավորման լեզուներից մեկով: