Արմինֆո.2019թ.-ի օգոստոսի 28-ին «Արդշինբանկ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսա ԲԲԸ-ում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Արդշինբանկի դրամային պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 150,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, տարեկան 10.5% արժեկտրոնային տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (AMASHBB23ER7) բորսայում կշրջանառվեն ASHBB3 բորսայական հապավմամբ:
Դոլարային թողարկումը պարունակում է 100,000 արժեկտրոնային պարտատոմսեր, որոնց անվանական արժեքը կազմում է 100 ԱՄՆ դոլար, մարման ժամկետը` 27 ամիս, արժեկտրոնային եկամտաբերությունը` տարեկան 5.5%: Պարտատոմսերը (AMASHBB22ER9) բորսայում կշրջանառվեն ASHBB2 բորսայական հապավմամբ:
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»: