Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է փոխել Ամուլսարի խնդրի դրվածքը։ Դրանով իսկ նա ոչ միայն կտապալի Հայաստանին պարտադրված խաղը, այլև, անխուսափելի թվացող պարտության փոխարեն, կստանա հաղթանակ և, նույնիսկ, որակական առավելություն։ Դա միանգամայն հնարավոր է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ազգային անվտանգության ոլորտի փորձագետ Հրաչյա Արզումանյանը։
"Ամուլսարի խնդրի վերաբերյալ իր վերջին ելույթներում Հայաստանի ղեկավարը, վերջապես, ասում է այն, ինչ պետք է ասի, այլ ոչ թե ձգտում է կռահել ուժի կենտրոնների կարծիքն ու տրամադրությունը։ Այստեղ քննադատաբար կարևորվում է այն, թե ով է դավել Հայաստանի վարչապետին, ով է նրան դրել անհնարին ընտրության առաջ։ Հաշվի առնելով հանգամանքը, որ խնդիրն ու ընտրությունը ներկայացվում են անհնարին ու պարտվողական, ընդ որում, անկախ այն բանից, թե որ տարբերակն է ընտրված, վարչապետը պետք է գնա խնդրի դրվածքի փոփոխության", - կարծում է նա։
Ընդգծելով կոնկրետ հանձնարարականներ տալու անհնարինությունը՝ այն պայմաններում, երբ նա թիմի մաս չի կազմում և անմիջականորեն նոր իշխանության կողմից որոշումների մշակման ու ընդունման համակարգերի վրա չի ազդում, Արզումանյանն ընդգծում է միայն մեթոդաբանությունը։ "Ես չգիտեմ, թե իրենք ինչպես են մտածում, թե ինչ է իրենց վրա ազդում եւ այլն, հետևաբար, չեմ կարող խոսել կոնկրետության մասին։ Դա կլինի ոչ պրոֆեսիոնալ: Բայց եթե խոսենք մեթոդաբանության մասին, ապա լուծումներ մշակելիս բախվելով լավ տարբերակների բացակայությանը, անհրաժեշտ է թվում փոխել խնդրի դրվածքը, կառուցել խնդրի այլ պրոեկցիա", - համոզված է փորձագետը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն հասարակական եւ քաղաքական դարձած Ամուլսարի խնդիրը պայմանավորված է ներդրումների եւ բնապահպանության միջեւ հակասություններով, Արզումանյանն իշխանություններին խորհուրդ է տալիս խնդիրը վերաձեւակերպել արդեն որպես հասարակական-քաղաքական եւ որոնել, համապատասխանաբար, քաղաքական եւ հասարակական պատասխաններ եւ լուծումներ: Հաշվի առնելով, որ Փաշինյանն ու իր իշխանությունը հիմնված են բացառապես հասարակության աջակցության վրա, հենց խնդիրը հանրայինի ու հասարակականի վերածելու ունակությունն է նրան թույլ տալու կտրուկ բարձրացնել, առնվազն, սեփական վարկանիշը։
Ցույց տալով, որ ինքը շարունակում է մնալ համաժողովրդական հասարակական և քաղաքական գործիչ, հասարակության մարտահրավերներին հենց հրապարակային, այլ ոչ թե ապարատային արձագանք ձևավորելու ունակություն, Փաշինյանը, փորձագետի կանխատեսմամբ, Հայաստանում իրավիճակն ավելի կայուն և զարգացող կդարձնի։
"Այսպիսով, մեկ կոնկրետ ներդրման կորստի տեսքով լոկալ պարտությունը կփոխհատուցվի հասարակության շրջանում անհրաժեշտ մթնոլորտի ստեղծմամբ, որը Հայաստանում ներդրումային մթնոլորտն ավելի լավ կդարձնի։ Փողն եւ բիզնեսը սիրում անդորր եւ կանխատեսելիություն: Ցույց տալով ողջ հասարակության աջակցությունը վայելող սկզբունքների առկայությունը՝ Հայաստանը դրանով իսկ կընկալվի որպես ավելի կայուն, հաստատուն և կանխատեսելի երկիր և հասարակություն, այլ ոչ թե հետխորհրդային գաղութ։ Կատարվելու է հերթական քայլը Հայաստանի՝ որպես պատասխանատու դերակատար համաշխարհային քաղաքական համակարգ վերադառնալու ճանապարհին", - ամփոփել է Արզումանյանը ։