Արմինֆո.Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մերժումը, Հայաստանի տնտեսական շրջափակումն անվտանգության լուրջ սպառնալիք են ստեղծում ՀՀ համար: Այդ մասին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
<Այդ ամենը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը, իսկ վերջին շրջանում արդեն ցեղասպան գործողությունների արդարացումը, Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում անվերապահ և բացահայտ աջակցությունը ստեղծում են Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք, որին շարունակաբար դիմակայելու անհրաժեշտությունը պայմանավորում է տարածաշրջանային անվտանգության պահպանմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը, այդ թվում արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասով>,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը: