Արմինֆո. Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը զերծ էր աշխարհաքաղաքական կողմնորոշումներից և դրա լավագույն վկայությունն է այն իրողությունը, որ Հայաստանը չկատարեց գլոբալ ուժերի հարաբերակցությունը փոփոխող արտաքին քաղաքական քայլեր և ձեռնամուխ եղավ իր հարաբերությունները բոլոր դերակատարների հետ կառուցելու ինքնիշխանության սկզբունքի հիման վրա:
Այդ մասին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
<Հայաստանը թե՛ Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի և թե՛ ուժային կենտրոնների հետ հարաբերությունների կառուցման շրջանակում առաջնորդվում է տարածաշրջանի անվտանգության և խաղաղության պահպանման նպատակով:
Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության պահպանումը և ամրապնդումը բխում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից: Մենք տեսել ենք, թե մեր հարևան տարածաշրջաններում անվտանգության համակարգի փլուզումն ինչ ծանրագույն հետևանքներ է ունեցել այդ ժողովուրդների, նրանց տնտեսության և պետականության համար: Ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանումն է մեր տարածաշրջանային անվտանգության և խաղաղության անհրաժեշտ պայմանը և Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրում այս ուղղությամբ:
Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտահայտվել են նաև ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության սպառնալիք են:
Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ քողարկված ուժի կիրառման սպառնալիքները և հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու որևէ նկրտում: Լարվածության պայմաններում բանակցություններ վարելու Ադրբեջանի ջանքերը խոչընդոտում են խաղաղության նպաստող միջավայրի ձևավորմանը և ըստ այդմ չեն նպաստում հիմնախնդրի տևական և համապարփակ կարգավորմանը:
Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիք։
Խաղաղությունն այլընտրանք չունի և Հայաստանի Հանրապետությունը և Արցախն ունեն բավարար ուժ խաղաղության ապահովման համար։
Մենք բարձր ենք գնահատում միջազգայնորեն ընդունված միակ միջնորդական առաքելության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների դերակատարումը արցախյան հիմնահարցի կարգավորման և տարածաշրջանային խաղաղության պահպանման գործում։
Հայաստանը հստակ արտահայտել է իր մոտեցումները Ղարաբաղյան խաղաղ կարգավորման առնչությամբ և այս տեսակետից կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում և օգոստոսի 5-ին Վերածննդի հրապարակում անցկացված հանրահավաքին հնչեցրած դրույթները:
Ղարաբաղյան խաղաղ գործընթացում կարգավիճակի և անվտանգության խնդիրները մեզ համար ունեն առաջնային նշանակություն: Հայաստանը չի կարող գնալ կարգավորման որևէ տարբերակի, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը և սահմանափակել ինքնորոշման իրավունքի իրականացման շրջանակը:
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և բոլոր պայմաններում կիրառելի մարդու անօտարելի իրավունքները ենթադրում են նաև ազատ կամարտահայտում, որը ներառում է նաև Արցախում ազատ ընտրությունների իրականացումը և այդ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության ներկայացուցիչների գործուն ներգրավումը բանակցային գործընթացում:
Եթե Ադրբեջանն անկեղծորեն շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ, ապա պետք է նույնչափ շահագրգիռ լինի Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների հետ բանակցելու մեջ>,- նշել է նա: