Արմինֆո. Երևանում մեկնարկել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովը:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բացման խոսքում նշել է, որ
ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովի անցկացումը Երևանում ավանդույթ է դարձել: <Այնուամենայնիվ, այս համաժողովն առաջինն է 2018թ. Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո, ուստի և նպատակ ունի հստակեցնելու տեղի ունեցած փոփոխություններից հետո հայկական դիվանագիտության առաջնահերթություններն ու դրանց իրականացման առավել արդյունավետ ուղիները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի: Հրամայական է նաև վերլուծել մեր պետության առջև ծառացած ազգային անվտանգության հիմնարար մարտահրավերներն ու սպառնալիքները, քննարկել արդի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացները, որոնք կարող են ուղղակի ազդեցություն ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման ընթացքի վրա, ինչպես նաև կանխատեսել անցանկալի զարգացումներն ու հնարավորության դեպքում մշակել դրանց չեզոքացմանն ուղղված քայլերը>,- ասել է Մնացականյանը:
Այնուհանդերձ, նա ընդգծել, այս անգամ փոխվել է ոչ միայն քննարկումների ձևաչափը, այլև ներկայացվում են Հայաստանի դիվանագիտական ծառայության տեսլականն ու ամրագրվել են արտաքին քաղաքական երեք հիմնարար սկզբունքները, որոնք ծառայելու են որպես հիմք և ուղենիշ մեր դիվանագիտական գործունեության համար:
Համաժողովն անցնում է «Արժեքներ գործողության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհումե խորագրի ներքո: Ի՞նչ նկատի ունենք արժեքների տակ։
Հիշեցնելով Հայաստանի համար <թավշյա հեղափոխության> դերի մասին ՝ Մնացականյանը է ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները, որոնք կապահովեն մեր դիվանագիտության հարատև և շարունակական ընթացքը:
ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. այս սկզբունքի առանցքը Հայաստանակենտրոնությունն է՝ առաջին հերթին Հայաստանի պետական շահերի, անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելության Հայաստանի բոլոր քաղաքացիների պաշտպանությունը: Անկախ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար հիմնարար պայմանն է ինքնիշխանության սկզբունքի ամրագրումը: Հայաստանի դիվանագիտական գործունեության մեջ առաջին հերթին հարցերը պետք է հենց այս տեսանկյունից դիտարկել: Հայկական դիվանագիտության մեջ հենքային այս սկզբունքն առավել կարևոր նշանակություն է ձեռք բերում ներկայիս աշխարհակարգի գլոբալ անորոշության պայմաններում, երբ առաջնային անվտանգության և զարգացման հիմնական մարտահրավերները կարող են լուծվել միմիայն ինքնուրույն և ինքնիշխան որոշումների հիման վրա:
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. սա և սկզբունք է և միջոց: Առաջին հայացքից հավակնոտ թվացող այս սկզբունքը արտացոլում է ոչ միայն Հայաստանի որպես հայության կենտրոն և գործողությունների առանցք լինելու հանգամանքը, այլև Հայկական դիվանագիտության կողմից Հայաստանի Հանրապետությունը, Արցախը և աշխարհասփյուռ հայությունը որպես մեկ միասնական միավոր դիտարկելու անհրաժեշտությունը, դրանից բխող միասնական ազգային օրակարգով: Վստահ ենք, որ այսպիսի գործնական փոխադարձ համագործակցության մթնոլորտի ստեղծումը Հայաստանի և աշխարհասփյուռ Հայության միջև կարող է նպաստավոր միջավայր ապահովել Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացման համար:
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ սկզբունքը ենթադրում է մեր ազգային ինքնության պաշտպանությունը, պահպանությունը, զարգացումը, անհատի, համազգային կառույցների, պետության մակարդակներում՝ ուղղված համազգային խնդիրների վերհանմանն ու հետապնդմանը, հայկական ժառանգության, միասնության և համերաշխության պահպանմանը։ Այս սկզբունքն առաջին անգամ է ամրագրվում մեր արտաքին քաղաքականության մեջ և հանդիսանալու է մեր դիվանագիտական գործունեության այն գլոբալ հովանոցը, որն իր մեջ բնականորեն ներառում է համազգային շահերի պաշտպանությունը: Համահայկականության սկզբունքի գործադրումը պետք է ապահովի փոխադարձ աշխարհասփյուռ Հայության ամուր գործնական կապը Հայաստանի հետ:
ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. Հայաստանը պատրաստ է իրավահավասար և փոխշահավետ գործակցության ցանկացած պետության հետ: Հայաստանը շարունակելու է աշխատել տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և զարգացման ուղղությամբ և այս նպատակով համագործակցել բարեկամ պետությունների և բոլոր մյուս գործընկներների հետ։ Մենք շարունակելու ենք նաև մեր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության և միջազգային համագործակցության մեջ՝ նպաստելով գլոբալ հիմնախնդիրների լուծմանը և սերտ համագործակցելով մեր բոլոր գործընկների հետ երկկողմ և բազմակողմ հնարավոր բոլոր ձևաչափերով: