Արմինֆո. 2019-ը հոբելյանական-մշակութային է ու մանսուրյանական։ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն 80 տարեկան է: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ու կառավարության աջակցությամբ մանսուրյանական տարում հայ հանդիսատեսը կունենա բացառիկ հնարավորություն՝ մասնակից դառնալու մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարի։
«Քաղաքն այդքան բյուջե չուներ, և քաղաքապետը դիմեց կառավարություն: Ծրագիրը դառնալու է տարվա մշակութային զարկերակը»,- ասել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
«Քաղաքապետարանի առաջարկից ոգևորված էինք, և սա մի նշանակալի ազդակ է, որ կարող է ունենալ շարունակություն»,- նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
«Մանսուրյան-80» երաժշտական փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին՝ Արցախի «Վերածննդի» հրապարակում: Բացօթյա համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Մանսուրյանի կինոմեղեդիները։ Կոմպոզիտորի հայտնի ստեղծագործություններն առաջին անգամ կհնչեն նոր գործիքավորմամբ։
«Իմ երաժշտությունների մի մասի նոտաները չկան անգամ իմ գրադարանում: Դրանք ժամանակին հանձնել եմ Մոսկվայի կինոմատոգրաֆիստների միություն: Այժմ մեծ աշխատանք է տարվել» ,-պատմում է Տիգրան Մանսուրյանը:
«Մանսուրյան-80» համերգաշարի 5 համերգների ընթացքում կհնչեն մաեստրոյի կինոերաժշտությունը, նաև սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ։
Սեպտեմբերի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կթևածի մաեստրոյի երաժշտությունը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան Սարյանի անվան լարային քառյակը, դաշնակահարներ Պավել Դոմբրովսկին, Իզաբելլա Մելքոնյանը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին և սոպրանո Աննա Ավդալյանը։ Սեպտեմբերի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Տիգրան Մանսուրյանի գործիքային կոնցերտները։ Սեպտեմբերի 6-ին երևանյան համերգին սիմֆոնիկ նվագախումբն օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Մանսուրյանի կինոերաժշտությամբ։ Համերգների մուտքը կլինի տոմսերով, և բոլոր երաժշտասերները հնարավորություն կունենան համերգաշարի մասնակից դառնալ։ Փառատոնը կեզրափակվի Գյումրիում, սեպտեմբերի 13-ին՝ «Սև բերդ» հուշարձանում։ Մաեստրոյի հոբելյանին նվիրված ծրագրի շրջանակում կթողարկվեն սահմանափակ թվով արծաթյա հուշանվերներ։ Դրանք հատուկ համերգաշարին մասնակցելու նպատակով Երևան ժամանող հյուրերին տարիներ անց կհիշեցնեն երաժշտական բացառիկ օրերի մասին։