Արմինֆո.Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվ. մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի
նախագահ, պրոֆ. Խաչիկ Խաչիկյանը և «Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Արամ Մկրտիչյանը բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ մասնավորեցնելու կառավարության ծրագրի առնչությամբ:
ԱրմԻնֆո-ին տամադրված բաց նամակի տեքստում, մասնավորապես, ասվում է. ՙԲազմաթիվ են պաշտոնական և դեղին մամուլում շրջանառվող հրապարակումները ԲԳԿ-ի մասնավորեցման և չմասնավորեցման, հայտնի և անհայտ ֆիզիկական ու իրավաբանական անձանց՝ ԲԳԿ-ի հնարավոր գնորդների անհասկանալի մղումների և ցանկությունների, և այդպիսով, ԲԳԿ-ի ապագայի լիակատար մշուշով պատված լինելու վերաբերյալ։ Այս առնչությամբ ԲԳԿ-ի կոլեկտիվի անհանգստությունը, կարծում ենք, լիովին հասկանալի է։
Այս իրավիճակում խոսել մաշկավեներաբանական ծառայության ամրապնդման, ավելին` վերջինիս զարգացման վերաբերյալ միանգամայն անիրատեսական է։ Հարյուրամյակների ընթացքում մեզ են հասել բազմաթիվ բանաստեղծների, գրողների և ստեղծագործ անձանց վկայությունները մեր գորշ և գաղջ իրականության ու նրա շարունակականության վերաբերյալ։ Ակամայից հիշում ես Ջիվանու «Խելքի աշեցեք» բանաստեղծությունը («Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած, Ասպարեզը համբակներուն են թողած, Ջիվանն էլ կաղ իշով քարավան մտած, Բանաստեղծ է դարձել, խելքի՛ աշեցեք»), Խաչատուր Աբովյանի «Պարապ վախտի խաղալիքը» (մեր տխեղծ իրականության մասին զրույցների հավաքածուն), որոնք աներկբայորեն վկայում են հարյուրամյակների ընթացքում մեր երկրում լրջմիտ փոփոխությունների բացակայության մասին։ Այդուամենայնիվ, տեսնելով Ձեր հայրենասեր և ապագային միտված գործունեությունը՝ մենք ընդդիմանում ենք այս մտքին ու վստահություն հայտնում, որ գուցե ամեն ինչ կփոխվի։ Մենք չենք կասկածում, որ պետական այրերն ի զորու են և մտահոգվում են ՀՀ պետական տարբեր ոլորտների, մասնավորապես առողջապահական համակարգի ու նրա կարևորագույն ուղղությունների զարգացման մասին։
Մեր համատեքստում խոսքը ՀՀ-ում մաշկաբանության նեղ մասնագիտական միակ բժշկագիտական, ուսումնակրթական և մեթոդաբանական կենտրոնի մասին է։ Չէ՞ որ այստեղ են բուժում ստանում և հանապազօրյա աշխատանքի վերադառնում տասնյակ հազարավոր ծանրագույն ընթացքով մաշկային հիվանդներ, չէ՞ որ այստեղ են իրենց ուսումնագիտական և գիտակրթական գործունեությունը ծավալում ԵՊԲՀ-ի մասնագիտական ամբիոնն ու ասոցիացիաները։ Չէ՞ որ այստեղ են զուգամիտվում ՀՀ-ում աշխատող հարյուրավոր մաշկավեներաբանների և բժիշկ-կոսմետոլոգների կլինիկական գործունեության վեկտորները։ Վերջապես, չէ՞ որ այստեղ է թրծվում մաշկաբանության գիտական միտքը։ Հարգելի´ պարոն վարչապետ, մեր ԲԳԿ-ի կոլեկտիվի, մասնագիտական ասոցիացիաների և մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի անունից խնդրում ենք հնարավորության դեպքում թողնել ԲԳԿ-ն պետության իրավադատության ներքո։
Խոսքն այստեղ դոտացիաների մասին չէ (կենտրոնը երբեք չի գտնվել պետական դոտացիաների տակ և երբեք վնասով չի աշխատել)։ Վստահ եղեք, որ ԲԳԿ-ն պակաս կարևոր չէ, քան այն բժշկական կենտրոնները, որոնք ոչ այնքան վաղ անցյալում դարձան պետության հոգածության առարկա։ Հարգելի´ պարոն վարչապետ, խնդրում ենք մասնավորեցման գործընթացի անխուսափելիության դեպքում հաշվի առնել ԲԳԿ-ի աշխատակիցների հավաքական կամքը։
Թույլ տվեք կրկին անգամ հայտնել, որ մենք շնորհապարտ կլինենք, եթե Ձեր բազմազբաղ օրակարգում տեղ գտնվի կոլեկտիվի փոքրիկ խմբի հետ հանդիպման ու հարցի առավել հանգամանալից քննարկման նպատակով՚։