Արմինֆո.Վայոց Ձորի մարզի Սարավան եւ Գորայք գյուղերի բնակիչները կողմ են Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի իրականացմանը: Այս մասին նրանք հայտարարել են օգոստոսի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ։
Ինչպես հայտարարել է Գորայք գյուղի բնակիչներից մեկը, հնարավոր է գյուղի որոշ բնակիչներ դեմ են հանքի շահագործմանը, սակայն հիմնական մասը կողմ է: Նրա խոսքով ՝ իրենք ծրագիրը դիտարկում են որպես աշխատանքի տեղավորման հնարավորություն ։ <Ոչ հարուստ տնտեսությամբ, պատերազմի մեջ գտնվող երկրի համար անթույլատրելի ճոխություն է հրաժարվել նախագծի տնտեսական հնարավորություններից>,- հայտարարել է նա: Արդեն այսօր, ինչպես նշել է նա, գյուղի 30 բնակիչներ աշխատում են Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող <Լիդիան Արմենիա> ընկերությունում:
Գյուղի մեկ այլ բնակիչ անմիջապես բողոքել է, որ <Լիդիանի> ղեկավար կազմի մեջ Գորայք գյուղի ներկայացուցիչներ չկան։ <Հարյուր տոկոսով անվտանգ հանքարդյունաբերություն չի լինում։ Բայց եթե կարելի է կառավարել ռիսկերը, ապա հանքը պետք է շահագործվի>, - հայտարարել է երրորդը: Վերջինս, ինչպես պարզվեց, <երկրորդ մասնագիտությամբ> երկրաբան է, ընդ որում ՝ իր կրթությունը ստացել է <Լիդիանի> ֆինանսական աջակցության շնորհիվ ։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ջերմուկ էր այցելել՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ մարդկանց տրամադրությունները պարզելու նպատակով: Քաղաքի բնակիչները վարչապետին հայտարարել են՝<Ջերմուկը պետք է մնա առողջարանային քաղաք, Ամուլսարը՝ առանց հանքի>: Իսկ շատ զբոսաշրջիկներ ու քաղաքի հյուրեր վարչապետի հետ զրույցում նշել են, որ անմիջական հարեւանությամբ հանքի շահագործման դեպքում հաջորդ անգամ դժվար թե Ջերմուկ այցելեն ։ Ինչպես վարչապետի հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, այժմ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, ով 2012-2014 թթ. զբաղեցրել Է Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը, Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում Ջերմուկը կկորցնի առողջարանային քաղաքի կարգավիճակը: < Ջերմուկը ստեղծվել է որպես առողջարանային քաղաք, եւ հարևանությամբ հանքավայրի շահագործումը անդառնալի վնաս կհասցնի քաղաքին>, - նշել է նա:
Տեղեկացվել է, որ Ջերմուկից հետո կառավարության ղեկավարը պատրաստվում էր այցելել նախագծի անմիջական ազդեցության գոտի հանդիսացող Գնդեվազ համայնք, սակայն Փաշինյանը մեկնել է Սարավան և Գորայք գյուղեր ։ Ինչպես նշում են ջերմուկցիները, վերջիններս հետաքրքրված են հանքի շահագործման ծրագրի իրականացմամբ, քանի որ կարծում են, որ Ամուլսարի հանքը նրանց անմիջական վտանգ չի ներկայացնում, իսկ դրա շահագործման դեպքում կարող են աշխատատեղեր ստեղծվել գյուղի բնակիչների համար: