Արմինֆո. Որպեսզի Ջերմուկը պահպանի առողջարանային քաղաքի իր կարգավիճակը, համապատասխան պայմաններ պետք է ապահովվեն ոչ միայն քաղաքի ներսում, այլեւ՝ դրա շրջակայքում: Նման կարծիք է հայտնել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, այժմ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, ով 2012-2014 թթ. զբաղեցրել Է Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում։
Ղազարյանի խոսքով, բացի այլ բացասական ազդեցություններից, պետք է հասկանալ, որ հանքի շահագործումը ենթադրում է օրական մոտ 10-25 պայթյուն, իսկ դա շուրջ 25 տոննա փոշի է: Այս համատեքստում, ՍԴ աշխատակազմի ղեկավարի կարծիքով, ինչ էլ որ ասի փորձաքննությունը, առողջարանային քաղաքի վրա այդ ազդեցությունը չի կարելի անտեսել։ <Ջերմուկը միութենական նշանակության միակ առողջարանային քաղաքն է, ինչը նշանակում է, որ 50-60 կմ շառավղով անթույլատրելի է ծանր մետաղների արդյունաբերության առկայությունը (Ամուլսարի ոսկու հանքավայրը Ջերմուկից 10 կմ հեռավորության վրա է գտնվում- խմբ.)>, - պարզաբանել է Ղազարյանը ։
Բացի այդ, ինչպես նշել է նախկին մարզպետը, չնայած այն բանին, որ, հնարավոր է, Ամուլսարի հանքը շահագործող ընկերությունը շահեկանորեն տարբերվում է մյուսներից սոցիալական պատասխանատվության ավելի բարձր մակարդակով՝ պետք է հիշել, որ ի սկզբանե նույն Քաջարանը կառուցվել է որպես հանք, եւ միայն դրանից հետո հանքի շուրջ ստեղծվել են բնակավայրերը: <Մինչդեռ Ջերմուկը ստեղծվել է որպես առողջարանային քաղաք, եւ հարևանությամբ հանքավայրի շահագործումը անդառնալի վնաս կհասցնի քաղաքին>, - նշել է նա:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ջերմուկ էր այցելել՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ մարդկանց տրամադրությունները պարզելու նպատակով: Քաղաքի բնակիչները վարչապետին հայտարարել են՝<Ջերմուկը պետք է մնա առողջարանային քաղաք, Ամուլսարը՝ առանց հանքի>: Իսկ շատ զբոսաշրջիկներ ու քաղաքի հյուրեր վարչապետի հետ զրույցում նշել են, որ անմիջական հարեւանությամբ հանքի շահագործման դեպքում հաջորդ անգամ դժվար թե Ջերմուկ այցելեն ։