Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ օգոստոսի 23-ին մեկնել Է Ջերմուկ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հրապարակելով լուսանկարներ:
Նշենք, որ կառավարության ղեկավարի այցը, ամենայն հավանականությամբ, կապված է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ քաղաքի բնակիչների բողոքի հետ։ Այն բանից հետո, երբ Փաշինյանը օգոստոսի 19-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում "կանաչ լույս" տվեց Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրին, հայտարարելով, որ, ըստ իշխանությունների, Ամուլսարը չի վնասում Սեւանին եւ շրջակա միջավայրին, Ամուլսարի մերձակա շրջանների և Ջերմուկի բնակիչները հայտարարել են, որ դուրս կգան անժամկետ բողոքի ակցիաների, բայց թույլ չեն տա շարունակել հանքի շահագործումը։
Ուշագրավ է, որ ըստ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության, Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակը պարզելու նպատակով Մարդու իրավունքների հանձնակատարի հանձնարարությամբ այսօր Ջերմուկ Է մեկնել աշխատանքային խումբ: Նախատեսվում են հանդիպումներ նախագծի անմիջական ազդեցության գոտի հանդիսացող Գնդեվազ համայնքի, Ջերմուկ առողջարանային քաղաքի բնակիչների, ինչպես նաև շահագործմանը խոչընդոտելու նպատակով հանքի տարածքում հերթապահություն իրականացնող քաղաքացիների հետ: