Արմինֆո.Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ոչ մի զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել: Այդ մասին հաղորդել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ ՙՖեյսբուքի՚ իր էջում:
ՙՏավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ ներկայացնեմ, որ որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել: Շամշյանին էլ Բաքվից շնորհակալություն կհայտնեն. վթարի մանրամասների, զինծառայողների անձնական գրեթե ամբողջական տեղեկատվության համար՚, - գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ օգոստոսի 23-ին, ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ГАЗ 66 մակնիշի ՊՆ 6710 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 25-ամյա Խորեն Գ.-ն, 26-ամյա Ծովակ Ա.-ն, 26-ամյա Սամսոն Հ.-ն, 27-ամյա Արթուր Պ.-ն, 29-ամյա Ֆրոնտիկ Ս.-ն, 25-ամյա Ֆրունզիկ Պ.-ն, 29-ամյա Անդրանիկ Հ.-ն, 25-ամյա Արսեն Ե.-ն, 25-ամյա Վահե Հ.-ն, 27-ամյա Էդգար Հ.-ն և 32-ամյա Հայկ Շ.-ն թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: