Արմինֆո. Ադրբեջանը հերթական հիստերիան է բարձրացրել. այս անգամ առիթ է հանդիսացել ՄԱԿ-ում տարածված՝ Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան, արձագանքելով զեկույցի տարածմանը, հայտարարել է, որ Հայաստանը, <չարաշահելով> ՄԱԿ-ում անդամակցության իրավունքը, որպես այդ կազմակերպությունում իր ներկայացուցչի նամակի լրացում, որն ուղղված է Գլխավոր քարտուղարին, տարածել է Արցախի փաստաթղթերը: <Տեղին է հիշել, որ Հայաստանը օգտագործում է ապօրինի անջատողական վարչակարգի թղթերը ՄԱԿ-ի և ԵԱՀԿ շրջանակներում տարածելու պրակտիկան, սակայն դա ոչ մի կերպ չի արտացոլում տվյալ կազմակերպությունների դիրքորոշումը>,- ասել է նա:
Ըստ որում, նա տեղեկացրել է, որ ի պատասխան դրան՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը բողոքի նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որը մոտ օրերում կհրապարակվի՝ որպես Գլխավոր վեհաժողովի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ>, - նշել է Աբդուլաևան:
Նշենք, որ Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգումե ներառված կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ: