Արմինֆո. "Իրազեկ քաղաքացիների միավորում" հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակը և "Թրանսփարենսի Ինթերնեշնլ" հակակոռուպցիոն կենտրոնը Հայաստանի կառավարության կողմից պետական աջակցություն կստանան Արցախի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման համար: Այդ մասին որոշում է կայացվել օգոստոսի 22-ին ՀՀ կառավարության նիստում։
Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի հավատսմամբ, ծրագրի իրականացման համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 33, 6 մլն դրամ, որից 16, 7 մլն դրամ կստանա "Իրազեկ քաղաքացիների միավորում" կազմակերպությունը, և 16,9 մլն դրամ՝ Transparency International-ը: Ծովինար Սողոմոնյանը նաև նշել է, որ երկու կազմակերպություններն էլ Հայաստանում դիտորդական առաքելության պատկառելի փորձ ունեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, աննախադեպ է համարել կառավարության այսօրվա որոշումը։ Նրա խոսքով, կառավարության որոշումը եւս մեկ քայլ կլինի Հայաստանի կողմից Արցախի բնակչության ազատ կամարտահայտության իրավունքի երաշխիքների ապահովման ճանապարհին: "Այսօրվա որոշումը շատ կարեւոր եմ համարում", - ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել 2019 թվականի սեպտեմբերի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ անցկացնելու մասին: