Արմինֆո. Այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սեւանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս է բաց թողնվել: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է վարչապետ Նիկլո Փաշինյանը:
ՙՕգոստոսի 12-ի դրությամբ Սեւանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ նախորդ տարվա 144 միլիոն խ/մ փոխարեն: Սա նշանակում է, որ մեծ է հավանականությունը որ Սեւանից օրենքով նախատեսված 170 միլիոն խ/մ-ից ավել թողք իրականացնելու անհրաժեշտություն չի լինի: Այս իրավիճակի պատճառը շատ թե քիչ բարենպաստ եղանակն է եւ ջրի կառավարման ոլորտում արտակարգ միջոցների կիրառումը՚, - նշել է վարչապետը:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին կառավարության կայացրած որոշման համաձայն, 2019 թվականին Սևանա լճից ջրի բացթողումները չեն գերազանցի 170 մլն խմ-ը: Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ՝ Սևանա լճից ջրի բացթողման անհրաժեշտությունը պայմանավորված է Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Արագածի մարզերում 32 հազար հեկտար գյուղատնտեսական հողերի ոռոգման անհրաժեշտությամբ: Հանրապետության ջրամբարները, ինչպես նշել էր նախարարը, լցված են, սակայն դրանք գտնվում են վերը նշված մարզերին անհասանելի վիճակում ։ Գերատեսչությունը կանի իրենից կախված ամեն ինչ լրացուցիչ ջրառը բացառելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել էր, որ 170 մլն խմ - ն տեղավորվում է երկրի գործող օրենսդրությամբ սահմանված ծավալների մեջ: Այնուամենայնիվ, ինչպես ընդգծել էր կառավարության ղեկավարը, անհրաժեշտ է առավելագույնս արդյունավետ օգտագործել լճի ջրերը, որպեսզի թույլ չտրվի լրացուցիչ ջրառ: