Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այսօր այցելել են հայ ռազմագերի Արայիկ Ղազարյանին, ով օգոստոսի 12-ին դեռեւս չպարզված հանգամանքներում հայտնվել է Ադրբեջանի տարածքում:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրել է, որ կազմակերպության ներկայացուցիչներն իրենց միջազգային մարդասիրական մանդատի շրջանակներում այցելել են Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացի Արայիկ Ղազարյանին: Նրա խոսքով ՝ այցի նպատակը Ղազարյանի պահման պայմանների մոնիթորինգն է եւ հարազատների հետ կապի պահպանման հարցում օգնությունը։
Նշենք, որ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողը մոլորվել է: