Արմինֆո. ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Անի Սամսոնյանը եւ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել են Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքող ակտիվիստների հետ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, ակտիվիստները փորձել են մտնել Ազգային ժողովի բակ եւ այնտեղ խորհրդակցություն անցկացնել, սակայն նրանց նման հնարավորություն չեն տվել, որից հետո նրանք փորձել են փակել խորհրդարանի շենքի առջեւ ճանապարհային երթեւեկությունը: Սակայն, կարճատև բանակցություններից հետո ոստիկանները, կիրառելով ուժ, սկսել են ցուցարարներին դուրս բերել երթեւեկելի մասից: Որոշ ժամանակ անց երթեւեկությունը վերականգնվել է ։ Ոստիկանները բերման են ենթարկել բողոքի ակցիայի 6 մասնակցի։
<Լուսավոր Հայաստան> խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարել է, որ կմնա ցուցարարների հետ, որպեսզի ոստիկանները չկարողանան ուժ կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ: Պատգամավորը նաև հայտարարել է, որ չի կարելի թույլ տալ Ամուլսարի հանքի շահագործումը։
ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, <Բարգավաճ Հայաստան> խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին ասել է, որ պատգամավորները եկել են սատարելու ժողովրդին: <Երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, եւ քանի դեռ մեր քաղաքացիները դեմ կլինեն, Ամուլսարի հանքավայրը չպետք է շահագործվի>, - եզրափակել է Զոհրաբյանը:
<Բարգավաճ Հայաստան> խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ ծրագիրը, որն առաջարկում է <Լիդիան Արմենիա> ընկերությունը, թերի է, քանի որ չի տալիս Արփա, Դարբ եւ Որոտան գետերի անվտանգության երաշխիքներ: <Եթե այդ խնդիրները լուծված չեն, ապա ի՞նչ արդյունահանման մասին կարող է խոսք լինել։ Միայն դա բավարար է, որ հանքը չշահագործվի>, -
ասել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ ակտիվիստներն ու բնապահպանները դժգոհ էին վարչապետի հետ հանդիպման արդյունքներից։ Ինչպես նկատել է ակվիտիվիստ Անի Խաչատրյանը, Ամուլսարի համար պայքարը շարունակվելու է ։
Նշենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ հանդես եկող բնապահպանների, ակտիվիստների և Ջերմուկ քաղաքի բնակիչների հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացնում <Իմ քայլը> խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումը տեղի է ունենում <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցության գրասենյակում ։