Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կրկին դիմել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ կոչ անելով աջակցել Հայաստանի համար <Հազարամյակի մարտահրավերներ> կորպորացիայի նոր դրամաշնորհին: Դրամաշնորհը հայ երիտասարդներին հնարավորություն կտա երկրի պետական դպրոցների համար բնական գիտությունների, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, արվեստի եւ մաթեմատիկայի (STEAM) կրթական ծրագրի շրջանակներում ստանալ $140 մլն, ինչն էլ իր հերթին կընդլայնի բարձրորակ կրթություն ստանալու նրանց հնարավորությունները:
ANCA-ի՝ Արմինֆո ստացված հաղորդագրության համաձայն, ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանը պետքարտուղարին խնդրել է վերանայել Համաշխարհային բանկի կողմից իրականացված ֆինանսական վերլուծությունը, որը Հայաստանը դասակարգել է որպես միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր: <Այս շատ վիճահարույց սահմանումը բերում է այն բանին, որ Հայաստանը չի համապատասխանում կորպորացիայի չափորոշիչներին, քանի որ Երեւանից դուրս, հատկապես հանրապետության մարզերում, աղքատություն է տիրում>, - ընդգծել է Համբարյանը:
Կազմակերպությունում նաեւ հիշեցրել են, որ այդ հարցով արդեն դիմել են Պոմպեոյին ընթացիկ տարվա մայիսին, եւ վերջինս հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը առաջընթաց կարձանագրի այս տարի կորպորացիայի գնահատմանչափանիշների հարցում, որի դեպքում տնօրենների խորհուրդը կկարողանա դիտարկել նաեւ Հայաստանը դրամաշնորհի տրամադրման համար երկրների ամենամյա ընտրության ընթացքում:
Կազմակերպությունում նաեւ ընդգծել են, որ ANCA-ն հանդես է գալիս Հայաստանին <Հազարամյակի մարտահրավերներ> կորպորացիային STEAM դրամաշնորհի տրամադրման օգտին՝ հիշեցնելով, որ հարեւան Վրաստանը վերջերս նման հնարավորություն է ստացել, եւ կորպորացիայից ավելի քան 75 մլն դոլար կուղղվի Վրաստանի դպրոցական ենթակառուցվածքների բարելավմանը, 30 մլն դոլար՝ STEAM կրթական նախագծերին, 15 մլն դոլար՝ մասնագիտական կրթության ծրագրերին: