Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խիստ զգայուն է համարում Ադրբեջանից հայ ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու հարցը:
Օգոստոսի 14-ին պատասխանելով համապատասխան հարցին՝ նա, մասնավորապես, ասել է. <Դա խիստ զգայուն հարց է: Ինչպես գիտեք, նախօրեին Արցախի ԱԳՆ-ն արդեն տարածել է հայտարարություն, որտեղ նշվում է, որ ջանքեր են գործադրվում Ղազարյանին հայրենիք վերադարձնելու համար: Հաշվի առնելով հարցի նրբությունը` կարծում եմ, որ զերծ կմնամ այս հարցի շուրջ հայտարարությունից>, - ասել է Մնացականյանը:
Ավելի վաղ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողը մոլորվել է: