Արմինֆո. Արցախի Հանրապետության Պաշտպանությանբանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի ադրբեջանական կողմին գերի ընկնելու փաստի մասին տեղեկացվել են Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը և ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակը: Այդ մասին հայտնում է Արցախի Արտաքին գործերի նախարարությունը:
ԱԳՆ հայտարարության համաձայն՝ Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
Նախօրեին Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողը մոլորվել է: