Արմինֆո. Եթե 2020 թվականին կայանալիք ընտրություններում Արցախի նախագահի թեկնածուներից որևէ մեկը կարծում է, թե ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, ապա նա սխալվում է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
Նշենք, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Փաշինյանի հրավիրած հանրահավաքին ներկա էին իշխանամետ թեկնածու, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին և Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին սատարող մեծ խմբեր։ Մասնավորապես, Հարությունյանը ակտիվորեն փորձում է իրեն ներկայացնել որպես Արցախի նախագահի Փաշինյանի թեկնածու։
"Իմ կարծիքով, ինչ-որ եզրակացություններ անել, առավել ևս, վերջնական, այսօր վաղաժամ է։ Չի բացառվում, որ բեմում հայտնվեն նաեւ նախագահի նոր թեկնածուներ եւ, նույնիսկ, նոր թիմեր։ Այս լույսի ներքո՝ Փաշինյանի ենթադրյալ համակրանքի համատեքստում, կարող են լինել նաեւ շատերի համար անսպասելի անակնկալներ", - ընդգծել է նա։
Մելիքյանի գնահատմամբ՝ Ստեփանակերտում նույն հանրահավաքը կազմակերպելու միջոցով Հայաստանի վարչապետը որոշակի առումով արդեն տարանջատվել է Արցախի իշխանությունից։ Մասնավորապես, դիվանագետի կարծիքով, Փաշինյանը արցախցիների առջև հանդես եկավ ոչ թե որպես տեղի իշխող վերնախավի բարեկամ, պաշտոնական հյուր, այլ՝ որպես անմիջականորեն արցախցիների հյուր, ելույթ ունենալով հրապարակում, փողոցում, այլ ոչ թե՝ տեր ունեցող դահլիճում։
Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրություններ կանցկացվեն 2020 թվականին: Դրանց մասնակցելու մտադրության մասին արդեն հայտարարել է պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը։ Իշխանության թեկնածուն Հանրապետության նախկին վարչապետ, "Ազատ հայրենիք" կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանն է։ Ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել է նաեւ ընդդիմադիր "Ազգային վերածնունդ" կուսակցությունը: