Արմինֆո. Աղբահանության հետ կապված իրավիճակի անհապաղ շտկումը քաղաքապետարանի առաջնահերթ մտահոգությունը չէ: Այդ մասին ասվում է <Սանիթեք> ընկերության հայտարարության մեջ:
<<Սանիթեք> ընկերության կողմից ս.թ. օգոստոսի 2-ին քաղաքապետարանին էր ներկայացվել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երկու առաջարկ` կարճաժամկետ և երկարաժամկետ, սակայն մինչ օրս ընկերության այդ առաջարկները մնացել են անպատասխան: Նման վերաբերմունքը թույլ է տալիս ենթադրել, որ իրավիճակի անհապաղ շտկումը քաղաքապետարանի առաջնահերթ մտահոգությունը չէ. քաղաքապետարանը շարունակում է գործել միակողմանիորեն` առանց աղբահանության կառավարման հստակ քաղաքականության մշակման: Փոխարենը, քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են «Սանիթեքե ընկերության աղբադույլերը, չեն կատարվում սահմանված վճարումները, որի արդյունքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից:
Կառավարությունը ս.թ. օգոստոսի 8-ին տեղի ունեցած նիստում որոշեց Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազմակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը, և մենք լիահույս ենք, որ այդ որոշումը կնպաստի ստեղծված իրավիճակի կարգավորմանը>,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Մինչդեռ այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի ավագանու նիստը ՝ նվիրված աղբահանության խնդրին ։ Նշենք, որ մայրաքաղաքի ղեկավարը նիստին չի մասնակցել, ինչպես հայտնել են քաղաքապետարանից ՝ առողջական խնդիրների պատճառով ։ Երևանի ավագանու նիստում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հայտարարել է, որ իրենք դեռ չգիտեն՝ սեպտեմբերին <Սանիթեքի> հետ պայմանագիրը կխզեն, թե ոչ ։ <Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք ընկերությունը կարող է հրաշքով կատարել իր պարտավորությունները: Եթե <Սանիթեք> ընկերությունը կատարի խոստացված 4 մլն դոլարի ներդրումները, ապա, հնարավոր է, պայմանագիրը չլուծվի վերջինիս հետ ։ Շուտով լրացուցիչ տեխնիկա եւ աղբամաններ կբերվեն, իսկ խնդրի լուծման հետաձգումը մինչև սեպտեմբեր կապված է արտադրողի խնդիրների հետ, սակայն սեպտեմբերին խնդիրը կլուծվի>, - նշել Է Սարգսյանը :
Ավագանու նիստում որոշում է կայացվել նաև աղբահանության խնդիրների կարգավորման համար 1 մլրդ 726 մլն դրամ հատկացնելու մասին: Որոշման համաձայն՝ 1 մլրդ 571 մլն դրամը նախատեսվում է ծախսել տրանսպորտային սարքավորումների գնման համար, իսկ մնացած 155 մլն դրամը՝ 1000 նոր կոնտեյներների ձեռքբերման համար:
Նշենք, որ աղբահանության խնդիրը Երեւանում սուր է նախորդ տարվա ամռանից։ Երևանի քաղաքապետարանն ու Sanitek ընկերությունն այդպես էլ չեն կարողանում պայմանավորվել աղբահանության պատշաճ կազմակերպման հարցում, իսկ քաղաքացիները ստիպված են հանդուրժել այդ խնդրի հետևանքները ։