Արմինֆո. Օգոստոսի 7-ին Երեւանում ոգեկոչել են ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակը։ Հայաստանում բնակվող ասորական համայնքի ներկայացուցիչները, քաղաքական և հասարակական գործիչները մասնակցեել են 1915 թվականի ասորիների ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ դնելու արարողությանը:
Նշենք, որ ասորիները նշում են Ցեղասպանության 2 սգո տարելից՝ ապրիլի 24-ը և օգոստոսի 7-ը։ Երկրորդը բոլոր զոհված ասորիների հիշատակի օրն է։ Այդ օրը անվանում են "Սեմելի կոտորած", քանի որ 1930 թվականի օգոստոսի 7-ին Հյուսիսային Իրաքի Սեմել գյուղում ողջակիզվել է 3000 ասորի։
"Հայաստանը միակ երկիրն է, որը ճանաչել է ասորիների ցեղասպանությունը եւ հնարավորություն տվել ասորիներին լիովին ինտեգրվել երկրի կյանքին, ինչի մասին վկայում է նաեւ Ասորիների ցեղասպանության զոհերի հուշարձանի առկայությունը", - հայտարարել է Հայաստանի ասորական համայնքի ղեկավար Ռազմիկ Խոսրոեւը, նշելով, որ ասորիների խնդիրները գտնվում են երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Նա նաև ափսոսանք է հայտնել, որ ասորիների ցեղասպանությունը մոլորակի տարբեր անկյուններում շարունակվում է նաեւ այսօր:
Հիշատակի միջոցառմանը ներկա ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտարարել է, որ 1915 թվականին հայերի, ասորիների, հույների եւ այլոց ցեղասպանությունների աշխարհում սխալ ընկալումը հետագայում հանգեցրել է հրեաների ցեղասպանությանը, եւ արդեն մեր օրերում ՝ այլ ժողովուրդների ցեղասպանությանը:
Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, կառավարող "Իմ քայլը" դաշինքից պատգամավոր Կնյազ Հասանովն, իր հերթին, նշել է, որ թուրքական իշխանությունները շարունակում են իրենց նախորդների քաղաքականությունը, ինչն արտահայտվում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ ցեղասպանությամբ, այդ թվում՝ 20 մլն քրդերի, որոնք, ապրելով Թուրքիայի տարածքում, ոչ մի իրավունք չունեն եւ հալածանքների են ենթարկվում: Կնյազ Հասանովը նաեւ կոչ է արել միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել եւ դադարեցնել թուրքական իշխանությունների հանցավոր գործողությունները:
Այսօրվա դրությամբ Թուրքիայում բնակվում է շուրջ 3000 ասորի, որոնց թուրքական իշխանությունները հրաժարվում են ճանաչել որպես ազգային փոքրամասնություն և անվանում են "թուրք - սեմիտներ"։ Ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ են կանգնեցվել Հայաստանում, Ֆրանսիայում եւ Ավստրալիայում: