Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ պատասխանել է Բաքվին: ԱԳՆ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում ասվում է. ՙԱդրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի հայտարարությունն ակնհայտ ցուցադրում է քաղաքավարության և պարկեշտության հիմնական կանոններին հավատարիմ մնալու, պետությունների միջև քաղաքակիրթ վարվելակերպի նորմերը, հատկապես երբ դրանք վերաբերում են հակամարտությունների լուծման խիստ բարդ և զգայուն գործընթացում ամենաբարձր մակարդակով ներգրավված կողմերին, պահպանելու Ադրբեջանի անկարողությունը։
Հայտարարության մեջ առկա անձնական բնույթի հարձակումները դատապարտելի են և վկայում են Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ առկա անհանդուրժողականության և ատելության մշակույթի մասին, որն ուղղորդվում և խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետևողականորեն մերժում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և վերջիններիս կողմից ընտրված իշխանությունների հետ որևէ ուղղակի ներգրավվածության հնարավորությունը, որոնք էթնիկ զտումներ և այլ զանգվածային վայրագություններ են իրականացրել Լեռնային Ղարաբաղում 1990-ականներին և 2016թ․ ապրիլին, ովքեր հետևողականորեն որդեգրել են ատելության քաղաքականություն, այդ թվում հայերին սպանած մարդասպանների հրապարակային հերոսացման միջոցով, անմիջական պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի անվտանգության և գոյության համար վտանգներ ստեղծելու համար։
Հայաստանի Հանրապետությունը մնում է Արցախի ժողովրդի միակ երաշխավորը՝ նրա անվտանգության, ազատության, մարդու անօտարելի իրավունքների՝ ներառյալ զարգացման և ինքնորոշման իրավունքի ապահովման գործում։ Հայաստանն ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանի իշխանություններն անկարող են ընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ. օգոստոսի 5-ին ունեցած ելույթի համատեքստը և բովանդակությունը, որն անդրադարձել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնականության, համերաշխության, զարգացման և բարգավաճման համահայկական օրակարգի առաջմղմանը։ Ավելին, ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որևէ կենսունակ տարբերակ պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ադրբեջանի իշխանությունները, սակայն, հետևողականորեն չեն կարողացել փոխադարձել իրենց պատրաստակամությունը և կարողությունը՝ հասնելու բոլոր կողմերի համար ընդունելի կարգավորման: Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր առավելապաշտական պահանջներին, որոնք ուղեկցվում են ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքով, շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը, անտեսում է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ամրապնդման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը և մերժում բոլոր կողմերի համար ընդունելի ցանկացած լուծում: Նման մոտեցումները հետևողականորեն արտացոլվում են Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններում: Խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, ինչը հստակորեն արտացոլված է ՀՀ վարչապետի վերոնշյալ ելույթում: Հայաստանը հաստատակամ է հասնելու հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ մերժելով ուժի կամ ուժի սպառնալիքի ցանկացած կիրառում, ինչպես հաստատակամ է պաշտպանելու Հայաստանի Հանրապետության և Արցախի ժողովրդի անվտանգությունը՚:
Ավելի վաղ պաշտոնական Բաքուն արձագանքել էր Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նրան մեղադրելով կեղծավորության մեջ։ Այսպես.
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը հայտարարել Է, թե Բաքվում կտրականապես մերժում են Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղը Հայաստան է։ ՙԼեռնային Ղարաբաղը Ադրբեջան է, դա Ադրբեջանի պատմական հողն է եւ նրա անբաժանելի մասը։ Միջազգային հանրությունը ճանաչում և պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, և ինքնիշխանությունը։ Ադրբեջանի պետությունն ու ժողովուրդը երբեք թույլ չեն տա Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու եւ Հայաստանի ռազմական օկուպացիայի ճանապարհով մեր երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու փորձերը՚, - նշել էր Հաջիեւը, հավաստիացնելով, որ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե Արցախը Հայաստան է, հերթական վկայությունն են այն բանի, որ ՙՀայաստանի իրական նպատակը օկուպացիան է՚: Հաջիեւը նաև համոզմունք էր հայտնել, որ Արցախը Հայաստանին միացնելու կոչերը պետք է գնահատվեն ՙորպես անպատասխանատվություն եւ անհարգալից վերաբերմունք միջազգային հանրության եւ, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ, որոնք պատասխանատու են հակամարտությունը բանակցային ճանապարհով կարգավորելու համար՚: ՙԱյս հայտարարությամբ Հայաստանի վարչապետը հերքում է նաև ինքն իրեն և ընդունում, որ իր վերջին հայտարարությունները, թե ինքը չի կարող խոսել Լեռնային Ղարաբաղի անունից, ոչ այլ ինչ են, քան սուտ և անհեթեթություն՚, - ասել էր Հաջիևը։
Հայտարարությամբ հանդես էր եկել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն։ ՙՉնայած այն բանին, որ նրա (Փաշինյանի) հայտարարությունները հիմնականում նախատեսված էին ներքին լսարանի համար, դա նրան ոչ մի հիմք չի տալիս անեքսիոնիստական հայտարարություններ անել Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերաբերյալ: Հայաստանի վարչապետի ագրեսիվ հայտարարությունները բացահայտ հակասության մեջ են մտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ երկար տարիներ ընթացող բանակցությունների ոգուն եւ էությանը, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին հանդիպումների ընթացքում տեղի ունեցած քննարկումներին: Սա նաև մեծ հարված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացին։ Հայաստանի քաղաքական ղեկավարի նման հայտարարությունները չեն համապատասխանում Հայաստանի կողմից հնչող՝ <հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման> կոչերին։ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի ելույթը բացահայտեց նրա իրական դեմքը՚, - նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում, հավաստիացնելով, որ Ադրբեջանը երբեք ՙչի համակերպվի իր տարածքների օկուպացման հետ եւ կշարունակի գրավված տարածքների ազատագրմանն ուղղված իր ջանքերը՚:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ