Արմինֆո. ԱՄՆ կոնգրեսականները հանդես են եկել Արցախում ականազերծմանն ուղղված HALO Trust ծրագրի օգտին:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) եւ Ամերիկայի հայկական համագումարի (AAA) հաղորդագրությունների համաձայն, Ներկայացուցիչների պալատի միանգամից 89 կոնգրեսականներ ստորագրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակի տակ, որում կոչ են արել չդադարեցնել այդ կենսական կարեւոր ծրագրի ֆինանսավորումը, համանման նամակ է ուղարկվել նաեւ երկրի Սենատ:
Նամակը նախաձեռնել են կոնգրեսականներ Ջորջ Քոքսը (D-CA) եւ Բրեդ Շերմանը (D-CA): "Մենք USAID-ին կոչ ենք անում մինչեւ տարեվերջ վերանայել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ականազերծման ծրագրի ֆինանսավորման դադարեցման մասին որոշումը։ Չափազանց կարեւոր է, որ մենք շարունակենք աջակցել տարածաշրջանում հումանիտար ականազերծման ծրագրերին այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել տարածաշրջանն ականներից լիովին մաքրելու նպատակին", - նշվում է նամակում:
Ընդ որում, կոնգրեսականները նշում են, որ եթե USAID-ն դադարեցնի աջակցությունը մարդասիրական ականազերծմանը, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դեմառդեմ կմնա մահվան կամ չպայթած ականներից խեղումներ ստանալու վախին, եւ նրանք սեփական հնարավորություններ չեն ունենա այդ մշտական սպառնալիքը վերացնելու համար:
"Հաշվի առնելով, որ հազարավոր ականներ դեռ մնում են հողի մեջ, իսկ ընտանիքներն ամեն օր ապրում են մահվան կամ լուրջ վնասվածքներ ստանալու վախի ստվերում, այժմ ժամանակը չէ, որ ԱՄՆ-ն երես թեքի Լեռնային Ղարաբաղի ժողովրդից, հետ կանգնի իր պատմական հավատարմությունից", - հայտարարել է HALO Trust USA-ի գործադիր տնօրեն Քրիս Ուոթլին:
Հիշեցնենք, որ HALO Trust-ը արդեն շուրջ 20 տարի Արցախում զբաղվում է հումանիտար ականազերծմամբ: