
Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկն ընդունել է էներգիայի վերականգնվող աղբյուրների նախագծերի ֆինանսավորման ծրագիրը, որն առաջիկայում կուղարկվի բաժնետերերի հաստատմանը: Այդ մասին հայտարարել Է ԵԱԶԲ-ի վարչության փոխնախագահ Ամանգելդի Իսենովը Ղազախստանում լրագրողների համար բանկի կազմակերպած մամուլի շրջագայության ամփոփիչ ճեպազրույցում։
"Իրականում, սա շատ լուրջ գործ է, քանի որ ծրագիրը ներառում է նաեւ արտադրական բաղադրիչ, ինչը մեզ հնարավորություն է տալիս դիտարկելու մետաղական կոնստրուկցիաների, արեւային վահանակների արտադրության նախագծերը ՝ չսահմանափակվելով միայն կայանների կառուցմամբ", - պարզաբանել է նա։
Ընդհանուր առմամբ, ԵԱԶԲ-ի վարչության փոխնախագահի խոսքով, այժմ բանկում քննարկվում է շուրջ 2 մլրդ դոլար ընդհանուր գումարի 70 նախագիծ, որոնք դիտարկվում են, ինչպես նշել է Իսենովը, պարիտետային հիմունքով: Բացի այդ, հաշվի են առնվում ԵԱԶԲ-ի մասնակից չհանդիսացող երկրների հետ նախաձեռնությունները։ Մասնավորապես, այդ համատեքստում նա նշել է Ուզբեկստանի հետ համագործակցության ակտիվացումը, որը ներկայացրել է շուրջ 5 նախագիծ։ "Առաջին հերթին՝ նախագծերը պետք է ունենան նախաձեռնող եւ հայտարարագրային բնույթ", - ընդգծել է նա:
Իսենովը չի խոսել նախագծերի մասով երկրների բաժնեմասերի մասին, սակայն ընդգծել է, որ բանկն ակտիվացել է մասնակից մյուս երկրների շուկաներում: Այդ կապակցությամբ նա նշել է, որ վերջերս ԵԱԶԲ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել Տաջիկական երկաթուղիների եւ Ղազախէքսպորտ ազգային ընկերության հետ: "Խոսքը վերաբերում է Ղազախստանում արտադրված սարքավորումների մատակարարման նախագծի հնարավոր իրագործմանը՝ Տաջիկական երկաթուղիների պահանջները բավարարելու համար", - հավելել է նա:
ԵԱԶԲ վարկային ռիսկերի վարչության պետի տեղակալ Դանիյար Աբեուովը, իր հերթին, ներկայացրել է որոշ ֆինանսական ցուցանիշներ: Մասնավորապես, նրա խոսքով, ԵԱԶԲ-ի ներդրումների տարեկան ծավալն այսօրվա դրությամբ ընթացիկ տարվա 7 ամսվա ընթացքում կազմում է մոտ 1 մլրդ դոլար: Ընդհանուր առմամբ, բանկի ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմում է մոտ 4 մլրդ դոլար, որն ընդգրկում է շուրջ 95 նախագիծ: Տրամադրված միջոցների ծավալը 2.6 մլրդ դոլար է: Ընդ որում, բանկի NPL մակարդակը կազմում է 2%-ից պակաս: "Կցանկանայի ուշադրությունը սեւեռել եւս մեկ ցուցանիշի վրա. դա կուտակված ներդրումային պորտֆելն է, այսինքն՝ ստորագրված գործարքների եւ իրականացված նախագծերի ծավալը, որը գերազանցել է 8 մլրդ դոլարը", - ասել է նա:
Նշենք, որ ԵԱԶԲ-ի կողմից Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի լրագրողների համար կազմակերպված շրջագայության շրջանակներում լրագրողներն այցելել են Ալմա Աթայի բնական հյութերի, թեյերի, գազավորված եւ ոչ գազավորված ջրերի, R&G կաթի արտադրության ձեռնարկություն, Ուստ - Կամենոգորսկում գտնվող "Բաքըռչիկի հանքարդյունաբերական ձեռնարկություն" ՍՊԸ եւ Երեյմենթաու հողմային էլեկտրակայան: Առաջին նախագծի համար բանկը տրամադրել է 20 մլն դոլարին համարժեք ռուբլու ֆինանսավորում, հանքարդյունաբերական ձեռնարկության հետ կնքվել է 100 մլն դոլարի վարկային լիմիտ, հովմային էլեկտրակայանի հետ՝ 14 մլն տենգեի: Բացի այդ, ԵԱԶԲ-ն աջակցել է Նուր Սուլթանում 44 մլն դոլարի "Մարիոթ" հյուրանոցի կառուցման նախագծի իրականացմանը, որտեղ էլ տեղի է ունեցել ամփոփիչ ճեպազրույցը:
Հիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որն ստեղծվել է 2006 թվականի հունվարին Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից՝ անդամ պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճին եւ փոխադարձ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը նպաստելու նպատակով: ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար: Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը եւ Տաջիկստանի Հանրապետությունը: