Արմինֆո. Հուլիսի 30-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչի (Jacek Czaputowicz) հետ։
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Լեհաստանի հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդգծելով փոխգործակցության հետագա խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մասնավորապես` անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի այցերին և առևտրատնտեսական կապերին։ Զրուցակիցներն առանձնակի կարևորել են ԵՄ ԱլԳ շրջանակներում համագործակցությունը և ԱլԳ հաջորդ տասնամյակի գործունեության համար նոր օրակարգի մշակման նպատակով համատեղ աշխատանքը։
Սամվել Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունների կողմից իրականացվող բազմաբնույթ և խորը բարեփոխումները, ՀՀ գործընկերներից ակնկալվող աջակցության ոլորտները։ Այս համատեքստում, կարևորվել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի շուտափույթ վավերացումը Եվրոպական միության բոլոր անդամ երկրների կողմից և դրա լիարժեք իրականացումը։
ՀՀ դեսպանը ԼՀ արտգործնախարարին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները։
Յացեկ Չապուտովիչը ԼՀ կառավարության անվերապահ աջակցությունն է հայտնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Մինսկի խմբի համանախագահության՝ միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափի շրջանակներում։