Արմինֆո. Կարծում եմ` իշխանության հարցն ամեն պարագայում կորոշվի փողոցում... արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով, <Գոլոս Արմենիի> թերթին հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
<Կառավարման այս որակով ներկայիս իշխանությունը երկար չի դիմանա և վերընտրվելու հեռանկարներ չունի: Ընտրողը լիուլի կուշտ կլինի պոպուլիստներից և ավելի պահանջկոտ կլինի ընտրություն կատարելիս: Սովորաբար, ձախողված պոպուլիստներին փոխարինելու են գալիս փորձառու, կրթված և հավասարակշիռ պրագմատիկները, այդպիսին է քաղաքական գործընթացների տրամաբանությունը: Թարմ օրինակ` Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները>,- կանխատեսել է Քոչարյանը:
Նրա խոսքով, ներկայիս իշխանությունների <մերկ> ամբոխահաճությանն ինքը
մտադիր է հակադրել կառավարչական փորձ, երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման հայեցակարգային ծրագիր և կառավարիչների պրոֆեսիոնալ, կանխատեսելի թիմ: <Պետական մեքենան պետք է աշխատի ժամացույցի պես, ընդ որում` հասարակության համար ըմբռնելի ռեժիմով: Առանց դրա պարզապես անհնար է երկրի հաջող արդիականացման, բարեփոխումների և արդյունավետ կառավարման իրականացումը: Ես Ղարաբաղում ու Հայաստանում նախագահելու հաջողված փորձ ունեմ: Վերջին 10 տարիներին եղել եմ տնտեսության ամենատարբեր բնագավառներում աշխատող խոշոր ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Այնպես որ` ռազմական ու պետական շինարարության, սոցիալ-տնտեսական մասշտաբային բարեփոխումների իրականացման եզակի փորձ ունեմ, ինչպես նաև ժամանակակից բիզնեսի մեխանիզմների գործադրման ընկալում: Հայաստանում շա՞տ են արդյոք նման փորձ ունեցող մարդիկ>,- հարց է տվել նախկին նախագահը:
Անդրադառնալով ընդդիմության պայքարի մեթոդներին՝ նա կարծիք է հայտնել, որ
«կոնսենսուս մինուս մեկե-ը, որպես գաղափար, արդեն ձևավորվել է քաղաքական դաշտում: <Բոլորը տեսնում են, որ պետական ապարատը ծառայում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերին, այլ մեկ մարդու բնազդներին ու քմահաճույքներին, որ բխում են նրա` ծայրահեղ պարզունակ աշխարհայացքից: Իշխանությունների պարզունակության և ֆունկցիոնալ իմպոտենցիայի մասին այսօր խոսում են բոլորը: Այսինքն` ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջև ակտիվ համագործակցություն կապահովվի։ Ընդ որում` հենց այդտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ մտավոր հատվածը: Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ, սակայն ամենևին ոչ` միակը: Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես` այն կկորցնի իր ընտրազանգվածը: Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ>,- հավաստիացրել է Քոչարյանը:
Անդրադառնալով 2020թ. կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Արցախի ներքաղաքական գործընթացներին ՝ Քոչարյանը հույս է հայտնել, որ արտահերթ գործընթացներ այնտեղ չեն լինի` <չնայած Հայաստանի իշխանությունների համառ ջանքերին>: <Արտահերթ ընտրությունները սովորաբար արտացոլում են ներքաղաքական ճգնաժամը, որի նախանշաններ Ղարաբաղում հաստատ չկան: Այնտեղ ձեռակերտ ճգնաժամ ստեղծելը մեծ անպատասխանատվության դրսևորում և ազգային շահերի դավաճանություն կլինի: Ղարաբաղցիները պետք է ամրություն ցուցաբերեն և մերժեն ապակառուցողական միջամտության ցանկացած փորձ>,- ասել է երկրորդ նախագահը: