Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի հարավային զինվորական օկրուգի ռազմակայանում սկսվել է մոտոհրաձգային ստորաբաժանումների մարտական պատրաստության ստուգումը՝ երկկողմ վաշտային մարտավարական զորավարժության շրջանակում՝ մարտական հրաձգությամբ:
ՌԴ հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ զորավարժությունն սկսվել է դեպի "Կամխուդ" եւ "Ալագյազ" զորավարժարաններ երթով, որի ընթացքում մշակվել են դիվերսիոն-հետախուզական խմբերի հարձակումը հետ մղելու, իրավիճակի բարդ պայմաններում ականապատ դաշտի եւ տեղանքի վարակված հատվածների հաղթահարման խնդիրները:
Զորավարժության ընթացքում զինծառայողները կկատարեն մանեւրային պաշտպանության եւ հարձակողական գործողությունների վարման, պայմանական հակառակորդի հարձակողական կենդանի ուժի եւ ռազմական տեխնիկայի արգելափակման եւ ոչնչացման խնդիրներ: Բացի այդ, ռոտացիոն մարտավարական խմբերի ստորաբաժանումներն ուսումնամարտական առաջադրանքներ կկատարեն հետախուզական-հարվածային եւ կրակային կոնտուրների կիրառմամբ՝ կործանիչ եւ բանակային ավիացիայի ինքնաթիռների եւ ուղղաթիռների հետ փոխգործակցությամբ: Ընդհանուր առմամբ, զորավարժությանը ներգրավված են ավելի քան 500 զինծառայողներ եւ շուրջ 100 միավոր ավտոմոբիլային եւ զրահատանկային տեխնիկա, այդ թվում ՝ ՄիԳ-29 կործանիչներ, Մի-24Պ, Մի-8ՄՏՎ ուղղաթիռներ եւ ժամանակակից անօդաչու թռչող համալիրներ:
Զորավարժության շրջանակներում ռուսական "Էրեբունի" ավիացիոն ռազմակայանի բանակային ավիացիայի ուղղաթիռներն ապահովել են ռազմական տեխնիկայի շարասյան օդային ծածկույթը: