Արմինֆո.Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մի շարք հեռուստաալիքներին պատմել է առաջնագծում իրավիճակի սրման պատճառների, լրիվ պայմանագրային զինվորական ծառայության անցնելու անհնարինության և այն մասին, թե Հայաստանի կողմից սպառազինության ձեռքբերման վերաբերյալ ինչ անակնկալների մասին է խոսել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Բալայանն անդրադարձել է նաեւ ամառային զորակոչին։
Այսպես, այն հարցին, թե ինչով է պայմանավորված հայ-ադրբեջանական պետական սահմանին առկա լարվածությունը, Բալայանը հավաստիացրել է, որ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տվել հայ զինվորների սպանությանն ու վիրավորմանը, փաստել է, որ երկու կողմերն էլ այժմ ակտիվ ինժեներական աշխատանքներ են տանում, ամրապնդում են դիրքերը, ինչով, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է հակառակորդի ակտիվությունը: Նրա խոսքով, հայկական կողմը կանխում է հակառակորդի առաջ շարժվելու ցանկացած փորձ կամ այնպիսի ինժեներական աշխատանքներ իրականացումը, որոնք ապագայում կարող են նրան առավելություն տալ մեր մարտական դիրքերի նկատմամբ: "Որոշակի չափով լարվածության պատճառը նաև դա է։ Այս կապակցությամբ կցանկանայի կոչ անել փորձագիտական հանրությանը և լրագրողներին ուշադիր ստուգել առաջնագծում տիրող իրավիճակի մասին տվյալները, որոնք ստացվել են, այսպես կոչված, "ոչ պաշտոնական աղբյուրներից", - ասել է Բալայանը։
Միևնույն ժամանակ, անդրադառնալով Հայաստանի կողմից սպառազինության գնումներին և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, թե այս ոլորտում անակնկալներ են սպասվում, փոխնախարարը հաստատել է, որ, իսկապես, սպասվում են անակնկալներ, որոնք առնչվում են թե սպառազինության գնումներին, թե դրանց արտադրությանը տեղում: "Առայժմ, կարծում եմ, մենք պետք է սահմանափակվենք նախարարի հայտարարությամբ, սակայն շուտով մենք հնարավորություն կունենանք հրապարակավ հայտարարել դրանց մասին", - նշել է Բալայանը:
Անդրադառնալով ամառային զորակոչի կազմակերպման ընթացքին՝ Բալայանը վստահեցրել է, որ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով։ Ընդ որում, նա հաղորդել է այս տարի զորակոչիկների թվի ավելացման մասին, եւ դա՝ չնայած այն հանգամանքին, որ ՊՆ-ի կողմից իրականացվել է աննախադեպ քայլ, այն է՝ միջին մասնագիտական կրթություն ունեցող զորակոչիկներին ծառայությունից տարկետում է տրվել: Նրա խոսքով ՝ թիվը բավականին շոշափելի է, եւ, չնայած դրան, զորակոչիկների թվում դրական սալդո է գրանցվել։
Անդրադառնալով լիովին պրոֆեսիոնալ բանակի անցնելու Հայաստանի հեռանկարներին՝ Բալայանն արձանագրել է, որ դա հնարավոր չէ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ պետական սահմանի պահպանությամբ զբաղվում են ոչ թե սահմանապահները, այլ՝ ՀՀ ԶՈՒ: