


Արմինֆո. Վերաբաշխում կատարելով ՀՀ 2019 թ. պետական բյուջեում՝ ՀՀ կառավարությունը 261.382.9 հազ. դրամ է հատկացրել Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական տեխնիկայի համար բենզինի և դիզելային վառելիքի, բենզինային շարժիչով աշխատող շղթայավոր ձեռքի սղոցների, համազգեստի, համակարգչային ծառայությունների, տպագրական ծախսերի, մեխանիզացիաների պահպանման և շահագործման, կինոլոգիական խմբի շների խնամքի, մեքենաների ապահովագրության, կենցաղային և տնտեսական ապրանքների, հատուկ նպատակային նյութերի և վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով:
Որոշման ընդունմամբ կապահովվի Փրկարար ծառայության բնականոն աշխատանքը, արագ արձագանքումը, և փրկարարական աշխատանքները կիրականացվեն ավելի բարձր և արդյունավետ մակարդակով: Հաշվի առնելով հրդեհների քանակի կտրուկ աճը և սեզոնային փրկարարական աշխատանքները պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությունը, ինչով պայմանավորված մի շարք սարքավորումների և ապրանքների գնումն անհրաժեշտ է իրականացնել հրատապ եղանակով՝ գործադիրը թույլատրել է ԱԻՆ-ին գնման գործընթացը կազմակերպել մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այս տարի իրապես աննախադեպ քանակի հրդեհներ են լինում ՀՀ ողջ տարածքով, և հավելյալ միջոցներից որոշակի գումար հատկացվում է հենց այս ուղղությամբ, որպեսզի այդ խնդիրներն ավելի արդյունավետ լուծվեն:



