Արմինֆո.Արցախի <Միացյալ Հայաստան> կուսակցության գլխավոր խորհուրդը հայտարարում է, որ ստեղծված ներքաղաքական ճգնաժամի միակ պատասխանատուն օրվա իշխանություններն են:
Կուսակցության հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. <Նրանց թողտվությամբ են ընտրություններից մեկ տարի առաջ փաստացի քարոզարշավ սկսել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը:
Բացի այն փաստից, որ նախկինում իշխանության մաս կազմած այս երկու քաղաքական գործիչները ակնհայտորեն խախտում են Արցախի հանրապետության սահմանադրությունը և ընտրական օրենսգրքի պահանջները, նաև ծայրահեղ բևեռացնում են հասարակությունը, ինչը կարող է մեզ կանգնեցնել լրջագույն խնդիրների առաջ:
Կոչ անելով երկու կողմերին դադարեցնել բախտախնդրության տանող «քարոզարշավըե, պահանջում ենք նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը։ Վստահ ենք, որ դա միայն դրական կազդի Արցախի ներքաղաքական կյանքի վրա։
Միևնույն ժամանակ կոչ ենք անում մեր ժողովրդին լինել զգոն և չգնալ սադրանքների։ Հիշեցնում ենք՝ այս երկրի իսկական տերը հենց ինքը ժողովուրդն է, ում քաջազուն զավակների արյան գնով է այն փրկվել:
Սիրելի ժողովուրդ, մենք միասին հաղթել ենք արտաքին թշնամուն զրկանքների և մեր լավագույն եղբայրների ու որդիների կյանքի գնով, սակայն մեր կռած հաղթանակը հրադադարից սկսած մի քանի հոգի սեփականացնելով, ապօրինաբար տիրացել և շարունակում են տիրանալ երկրի ընդերքին և գրեթե բոլոր տնտեսական լծակներին, ինչն էլ մեզ հասցրել է աղքատության շեմին ու պայթունավտանգ ներքաղաքական իրավիճակին:
Մեզանից յուրաքանչյուրիցս պահանջվում է կշռադատել պահի լրջությունը, ցուցաբերել կամք և հայրենասիրություն ու կերտել նոր ու միացյալ հայրենիք>:
Նշենք, որ <Միացյալ Հայաստան> կուսակցության հիմնադիրը Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, Արցախյան պատերազմի մասնակից Վահան Բադասյանն է: