Արմինֆո.Հուլիսի 23-ին ՀՀ Քննչական կոմիտեն տարածել է հայտարարություն այն մասին, որ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարը 2014 թվականին իր որդուն է օտարել համայնքային սեփականության հողամաս և 2015-ին վաճառել է այդ հողամասը ՓԲ ընկերությանը՝ անհամեմատ թանկ: «Լիդիան Արմենիա՚ ընկերությունն այդ առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
ՙՀարկ ենք համարում տեղեկացնել, որ հիշատակվող ՓԲ ընկերությունը «Լիդիան Արմենիան» է, որը 2015 թվականին Լայերտ Մկրտչյանից ձեռք է բերել վերջինիս սեփականության իրավունքով պատկանող հողամասը և այգին` 147 միլիոն դրամով: Քննչական կոմիտեի հաղորդագրությունը տարատեսակ անտեղյակ մեկնաբանությունների և չարամիտ մանիպուլյացիաների տեղիք տվեց Ամուլսարի ծրագրի որոշ քննադատների կողմից: Ինչպես հաճախ՝ այս դեպքում էլ՝ առանց որևէ հիմքի և անհրաժեշտ տեղեկությունների: Այս առիթով հարկ ենք համարում պարզաբանել:
1. Ընկերությունը Գնդեվազ համայնքի 145 սեփականատերերից հողը ձեռք է բերել բացառապես նույն պայմաններով՝ գնահատման նույն չափանիշներով: Գնագոյացումը հիմնված է եղել հայաստանյան օրենսդրության, ինչպես նաև միջազգային լավագույն չափանիշների վրա: Սա ներառել է ո՛չ միայն հողի շուկայական արժեքը, այլև մանրակրկիտ ուսումնասիրություն, այդ թվում՝ հողատեսքի, ծառերի և մշակաբույսերի առկայության, դրանց քանակի և տարիքի, բերքատվության և այլ չափանիշների գնահատում: Այս չափանիշները կիրառվել են բոլոր հողատերերի գույքի գնահատման դեպքում: Գնահատման չափանիշները բաց են, թափանիցկ և միշտ հասանելի են եղել մեր կայքում.
2. Խնդրո առարկա հողամասի ձեռքբերումն իարականացվել է պետական իրավասու մարմնի կողմից տրված սեփականության իրավունքը, ինչպես նաև հողամասի նկատմամբ սահմանափակումների բացակայությունը հավաստող փաստաթղթերի հիման վրա՝ ինչպես և մյուս բոլոր 145 սեփականատերերի դեպքում:
3. Խնդրո առարկա հողամասի և մյուս բոլոր հողամասերի դեպքում ձեռքբերման արժեքը ներառել է ոչ միայն հողամասի, այլև դրանում առկա մշակաբույսերի և պտղատու ծառերի արժեքը՝ գնահատվելով վերը նշված միջազգային չափանիշներով:
4. Վերը բերված չափանիշներով Լայերտ Մկրտչյանից 147 միլոն դրամով ձեռք բերված հողից և այգուց բացի, Լիդիան Արմենիան Գնդեվազ համայնքի 145 սեփականատերերից ձեռք է բերել ընդհանուր առմամբ շուրջ 1, 3 միլիարդ (մեկ միլիարդ երեք հարյուր միլիոն դրամ) ընդհանուր արժեքով հողամասեր:
5. Ի լրումն՝ Գնդեվազ համայնքի 145 սեփականատերերից և ոչ մեկի հետ «Լիդիան Արմենիան» չի ունեցել դատական վեճ՚:
Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիան» բրիտանական Lydian International-ի դուստր ձեռնարկությունն է, որի բաժնետերերն են նաեւ միջազգային խոշոր ինստիտուցիոնալ ներդրողներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, եվրոպական մի շարք երկրներից, այդ թվում՝ ՎԶԵԲ-ից: Ընկերությունը նախաձեռնել է Ամուլսարի նախագիծը՝ Հայաստանի այսօրվա դրությամբ խոշորագույն արդյունաբերական նախագիծը՝ 370 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Ամուլսարի ոսկու հանքավայրի յուրացման համար 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ հանքավայրի կառուցման եւ շահագործման նախագծի մեկնարկը: Նախապատրաստական աշխատանքները մինչ այդ կատարվել էին 2006 թվականից։ Սակայն անցյալ տարի "թավշյա հեղափոխությունից" հետո հանքավայրի շահագործման դեմ հանդես եկող բնապահպան ակտիվիստները արգելափակեցին ընկերության գործունեությունը, իսկ կառավարությունը նոր անկախ բնապահպանական փորձաքննություն նշանակեց։