Արմինֆո. Թուրքիայի նկատմամբ Եվրոպայի մեղմությունը պայմանավորված է Մերձավոր Արեւելքի երկրներից այդ երկրի տարածքում 3,5 մլն փախստականների առկայությամբ ։ Բրյուսելը նաև միլիոնավոր եվրոներ է վճարում Անկարային այդ մարդկանց պահելու համար։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
<Հենց փախստականներն են աշխարհաքաղաքական որոշիչ գործոն Անկարայի հետ Բրյուսելի հարաբերություններում։ Այս առումով ԵՄ-ն ձեռնպահ է մնում Թուրքիայի նկատմամբ իր տրամադրության տակ գտնվող պատժամիջոցային ողջ զինանոցի կիրառումից ։ Ավելին, եվրոպացիները բանակցություններ են վարում ԵՄ անդամ Կիպրոսի տարածքի մեկ երրորդն օկուպացրած, ԵՄ տարածքում 40-հազարանոց բանակ տեղակայած երկրի հետ։ Սա աննախադեպ մեղմ մոտեցում է>, - ընդգծեց նա ։
Ավելին, Սաֆրաստյանի գնահատմամբ, եվրոպական շատ երկրներ մինչ օրս Թուրքիային դիտարկում են որպես Եվրամիության ապագա անդամ ։ Դա նույնպես Բրյուսելին հետ է պահում Անկարայի նկատմաբ բացահայտ ճնշումից։ Այդուհանդերձ, նրա խոսքով, Եվրամիությունն աստիճանաբար, բայց հետեւողականորեն կոշտացնում է Անկարայի նկատմամբ դիրքորոշումը ։
Թուրքագետի գնահատմամբ ՝ այս փուլում Եվրոպան արդեն սկսել է Անկարայի նկատմամբ ավելի մեծ վճռականություն ցուցաբերել, ինչը կարող է ավարտվել պատժամիջոցների ռեժիմով ։ Նրա կարծիքով ՝ նման փոփոխությունները պայմանավորված են Թուրքիայի ՝ ԵՄ օկուպացված տարածքներից տնտեսական օգուտ քաղելու ձգտումով ։
Հուլիսի 16-ին ԵՄ խորհուրդը, ի պատասխան Կիպրոսի ջրատարածքում Թուրքիայի հորատման, առաջին պատժամիջոցներն է սահմանել: Դադարեցվել է բարձր մակարդակի երկխոսությունը, չեղյալ է հայտարարվել Թուրքիա - ԵՄ ասոցացման խորհրդի նիստը, կրճատվել է 2020թ.օգնությունը ։ Բրյուսելը նաեւ Եվրոպական ներդրումային բանկին խորհուրդ է տվել վերանայել Թուրքիայի վարկերի վերաբերյալ որոշումները եւ հանձնարարել շարունակել պատժամիջոցների տարբերակների շուրջ աշխատանքը:
ԵՄ-ի այս որոշմանը Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Միջերկրածովի արեւելյան մասում հորատման աշխատանքները վճռականորեն շարունակելու մտադրության մասին հայտարարությամբ: Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, որտեղ հայտնաբերվել են գազի հանքավայրեր, գտնվում են թուրքական երկու հորատման կայաններ՝ <Ֆաթիհ> և <Յավուզ>: Հունաստանը և Կիպրոսը դա սադրանք են համարում։ Փաստորեն, Թուրքիայի գործողություններն ուղղակիորեն հարվածում են ԵՄ էներգետիկ անվտանգությանը ։