Արմինֆո. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ: Նրանց թվում էին Էլիոթ Էնգելը, Ֆրանկ Փալոնը, Ջեքի Սփիրը եւ այլք: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԺ մամուլի ծառայությունից, կոնգրեսականները ողջունել են Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու հայ-ամերիկյան օրակարգի զարգացմանը:
Հիշեցնենք, որ նախօրեին "Ամերիկայի Ձայնի" հայկական ծառայությանը տված հարցազրույցում կոնգրեսական Ջեքի Սփիրը նշել էր, որ երկիրը ժողովրդավարական ճանապարհով տանելը հսկայական մարտահրավեր է, և Հայաստանը հաջողությամբ հաղթահարում է այն։ Նրա խոսքով, իր առաջարկությամբ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայաստանին 40 մլն դոլար հատկացնելու օրենսդրական փոփոխության ընդունումը կարեւոր քայլ էր: "Մենք փաստորեն պարգեւատրում ենք Հայաստանին այն լայնածավալ թռիչքի համար, որն ուղղված է երկրում ժողովրդավարության զարգացմանը ։ Ես հուսով եմ, որ դա միայն սկիզբն է շատ ջերմ ու ամուր հարաբերությունների համար", հայտարարել է Սփիրը, հավելելով, որ "թավշյա հեղափոխություն" նոր հեռանկարներ է բացել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վրա հիմնված ամերիկա-հայկական հարաբերությունների ամրապնդման համար: Վաշինգտոնում գիտակցում են Հայաստանի դժվարությունները, ընդգծել է կոնգրեսականը։