Արմինֆո. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Բրեդ Շերմանի օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը, որի համաձայն՝ Միացյալ Նահանգներին արգելվում է Ադրբեջանին ռազմական տեխնիկա տրամադրել, որը կարող է օգտագործվել Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից մեկնող քաղաքացիական ինքնաթիռների ոչնչացման համար:
<Այդ փոփոխությունը Բաքվին ուժեղ ազդանշան կուղարկի այն մասին, որ Ադրբեջանն այլևս չի կարող սպառնալ Արցախ և հակառակ ուղղությամբ թռչող քաղաքացիական ինքնաթիռներին։ Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը շարունակի ահաբեկել իր հարևաններին>, - նշել է Շերմանը ։ Այս օրենսդրական նախաձեռնությանը կողմ է քվեարկել 234 կոնգրեսական, դեմ ՝ 195։
Նշենք, որ 2011թ. մարտին Ադրբեջանի քաղավիացիայի վարչության տնօրեն Արիֆ Մամեդովը հայտնել էր, որ Ադրբեջանի կառավարությունը նախազգուշացրել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO), որ այն չի արտոնել Լեռնային Ղարաբաղ թռիչքները, եւ նշել էր, որ ավիացիայի մասին օրենքի համաձայն, իրենք կարող են <ֆիզիկապես ոչնչացնել այնտեղ ուղեւորվող ինքնաթիռները>: