Արմինֆո.Հայաստանի էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն և կենսունակություն, հուլիսի 11-ին կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով երկրի էներգահամակարգում երեկ տեղի ունեցած վթարը:
<Երեկ գործնականում ժամը 20:00-ի կողմերն արդեն ամբողջապես վերականգնվել էր ամբողջ հանրապետությունում ողջ էներգահամակարգի գործունեությունը: Ես ուզում եմ այս կապակցությամբ երեկվա դեպքի համատեքստում շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի մեր գործընկերներին, ովքեր այդ իրավիճակում շատ օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին և հնարավոր եղավ խուսափել այնպիսի հետևանքներից, երբ էներգետիկ համակարգը ինչ-որ երկարատև կոլապսի առաջ կանգներ: Իմիջիայլոց, վերջերս, երբ մենք մի ներդրումային ծրագիր էինք քննարկում աշխատանքային կարգով և քննարկում էինք այդ փոխարկիչի հետ կապված խնդիրը, հենց մասնագետները նման իրավիճակ նկարագրում էին, որ փոխարկիչն ինչ-որ առումով կարող է ապահովագրել նման իրավիճակներից, որոնք էներգետիկ համակարգում լինում են: Այնպես որ պրակտիկ առումով այդ քննարկման ժամանակ եղած տեսական իրավիճակը երեկ տեղի ունեցավ, բայց կարծում եմ, որ ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն և կենսունակություն: Ուղղակի պետք է հասկանալ վթարի պատճառները, երկու վարկած կա՝ արտաքին, կարծես թե ներքին վարկած չունենք էլ, բայց պետք է իսկապես քննել, հասկանալ, թե ինչն է եղել պատճառը>,- ասել է վարչապետը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր հերթին հայտնել է, որ կառավարության նիստից անմիջապես առաջ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կգլխավորի փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ հասկանալու համար, թե իրական պատճառները որոնք են եղել: