Արմինֆո. Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ) նախօրեին Լյուքսեմբուրգում կայացած նիստում ընդունել է ամփոփիչ հռչակագիր, որում այդ թվում ներառվել են կոչեր Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ երկխոսությունն ակտիվացնելու վերաբերյալ:
Փաստաթուղթը նաեւ ողջունում է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաեւ ապրիլի 24-ը Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելը: Հռչակագրում նաեւ կոչ է արվում կազմակերպության մյուս երկրների խորհրդարաններին՝ հետեւել Իտալիայի եւ Ֆրանսիայի օրինակին:
<Կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած միջնորդական ջանքերի շրջանակներում երկխոսությունը և կոնկրետ ու շոշափելի միջոցներ ձեռնարկել ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների հիման վրա, այդ թվում ՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարում, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունքի ու իրավահավասարության նկատմամբ հարգանք>,- ասվում է հռչակագրում:
Նշենք, որ ի սկզբանե բանաձևի նախագծում տեղ են գտել հայկական կողմի
դիրքորոշմանը հակասող այնպսի ձևակերպումներ, ինչպես՝ <Ղարաբաղը և Ադրբեջանի 7 շրջանները>, դրվել է հավասարության նշան հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտությունների միջև ։ Այդ ձևակերպումները հաջողվել է հանել տեքստից՝ կազմակերպությունում հայկական պատվիրակության ջանքերի շնորհիվ: Հայկական պատվիրակությանը հաջողվել է փաստաթղթի տեքստում ներառել նաև Հայոց ցեղասպանության մասին դրույթներ և ամրագրել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքները ՝ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հետ մեկտեղ: