Արմինֆո.Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու, նրանց բարեկեցությունն ապահովելու նպատակով կառավարությունը որոշել է 50 հազար դրամով ավելացնել վետերաններին տրվող պատվովճարի չափը:
Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով վետերանն ստանում է ամենամսյա պատվովճար, որի չափը 2015 թ. մայիս 1-ից սահմանվել է 50 000 դրամ: 2019 թ. պետբյուջեով վետերանների պատվովճարների համար նախատեսվել է 238,200.0 հազ. դրամ 397 շահառուի համար: Մայիսի 1-ի դրությամբ փաստացի պատվովճար է վճարվել 318 վետերանի։ 2019 թ. հունվար-մայիս ժամանակահատվածում վետերանների պատվովճարի ծախսը կազմել է 84,607.0 հազ. դրամ, իսկ հունիս ամսվա ծախսը կանխատեսվում է շուրջ 15,000.0 հազ. դրամ։ Արդյունքում, 2019 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում պատվովճարի գծով ծախսը կանխատեսվում է շուրջ 100,000.0 հազ. դրամ։ Ըստ այդմ՝ որոշմամբ առաջարկվում է ավելացնել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը 50 000 դրամով։ Արդյունքում, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող պատվովճարի չափը կկազմի 100 000 դրամ։