Արմինֆո. Իրանը վճռական է զարգացնելու և խորացնելու Հայաստանի հետ հարաբերությունները քաղաքական և տնտեսական ոլորտներում: Այդ մասին հուլիսի 3 - ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
ԻՌՆԱ գործակալության հաղորդագրության համաձայն ՝ Իրանի նախագահն ընդգծել է, որ <Իրանի ժողովրդի հարաբերությունները Հայաստանի հետ միշտ բարեկամական են եղել, և մենք ուզում ենք, որ դրանք էլ ավելի ամրապնդվեն ու զարգանան>։ Նա նշել է, որ Իրանը միշտ ձգտում է լավ հարաբերություններ ունենալ հարեւանների, մասնավորապես՝ Հայաստանի հետ ։ Ընդ որում, նա ընդգծել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման նպատակով համատեղ նախագծերի իրականացումն արագացնելու կարեւորությունը:
Իրանի նախագահը կարևորել է նաև Թեհրանի և Երևանի միջև բանկային համագործակցության ամրապնդումը ՝ նշելով, որ փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթներին անցնելը կհանգեցնի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը:
Նա հիշեցրել է, որ ընթացիկ տարվա հունիսին Իրանի խորհրդարանը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի գոտու մասին Ժամանակավոր համաձայնագիրը ՝ հավելելով, որ համաձայնագիրը լավ հնարավորություն է ընձեռում Իրանի եւ եվրասիական երկրների միջեւ համագործակցության ընդլայնման համար: