Արմինֆո.Հայաստանի և Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները պայմանագրեր են ստորագրել <Բանակ-2019> միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ընթացքում և նախատեսում են ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման եւս մի քանի գործարքներ կնքել: Այս մասին հայտարարել է Հայաստանի ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը, հայտնում է <Զվեզդա> հեռուստաալիքը ։
<Տեխնիկական համագործակցությունն այժմ զարգանում է շատ դինամիկ, Ռուսաստանի հետ կնքել ենք և պատրաստվում ենք կնքել ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման մասին նոր պայմանագրեր: Եվ, որպես ռազմարդյունաբերական կոմիտե, մենք զբաղվում ենք այդ համագործակցության հենց ռազմարդյունաբերական ասպեկտի զարգացմամբ ։ Մենք ունենք Հայաստանի եւ Ռուսաստանի ձեռնարկությունների միջեւ կապերի զարգացման մշակված ծրագրեր, և արդեն կան այդ ուղղությամբ ձեռնարկված հստակ քայլեր>,- հայտարարել է նա:
Քերոբյանը պատմել է զինատեսակների մասին, որը Հայաստանը բերել է համաժողովին: Նրա խոսքով՝ երկիրը ներկայացնող տաղավարում ներկայացված է Հայաստանի ռազմարդյունաբերող ընկերությունների մեկ քառորդը։
<Ներկայացված է ամենատարբեր սպեկտրի արտադրանք՝ զինվորական հանդերձանք (զինվորական համազգեստ, զրահապատ բաճկոններ և զինվորական կոշիկներ), հրաձիգ զենքեր, ռազմամթերք, ինչպես նաև բոլորովին նոր տեխնիկա՝ ջերմադիտակներ, օպտիկա, լազերային և ռադիտեղորոշիչ սարքավորումներ>, - նշել է Հայաստանի ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահը։
Քերոբյանն ընդգծել է, որ Հայաստանը համաժողովը դիտարկում է որպես արդյունավետ հարթակ, որտեղ հնարավոր է պայմանավորվել տարբեր երկրների հետ միջազգային համագործակցության մասին: <Մենք համաժողովը դիտարկում ենք որպես ռազմատեխնիկական համագործակցության զարգացման առավել արդյունավետ ուղի ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլ նաև այն երկրների հետ, որոնք ավանդաբար մասնակցում են այդ համաժողովի աշխատանքներին>,- ասել է Քերոբյանը: