


Արմինֆո. Սամվել Բաբայանի կողմնակիցները Արցախում արդեն 23 հազար ստորագրություն են հավաքել սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու համար, որոնք թույլ են տալիս նրան առաջադրվել նախագահի պաշտոնում: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են Բաբայանի գրասենյակից:
<Արցախում սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություն կատարելու համար մեկնարկած ստորագրահավաքը նոր թափ է ստացել՝ հատելով 23 000-ի սահմանը, մինչդեռ ստորագրահավաքի ավարտին կա 23 օր։ Օգտվելով սահմանադրության մեջ ամրագրված իր իրավունքից արդեն 23 000 արցախցի իր հաստատուն խոսքն ասել է։ Ինչպես երեսուն տարի առաջ, այսօր ևս արցախցին մարտնչում է , բայց արդեն իր հաղթանակները ամրագրելու օրինական սահմանադրական դաշտում։ Իսկ արցախցու փափագը, ինչպես երեսուն տարի առաջ, այսօր էլ նույնն է ու անփոփոխ՝ Մայր Հայրենիքի սահմանները իր միացումով ամբողջացնելն է, ու այդ քայլը արդեն 23 000 արցախցի արել է։
Գիտակցելով Արցախ-Հայաստան միության կարևորությունը , միմյանց հետ ինտեգրումը և դրան ուղղված այս ծանրակշիռ և իրական քայլի նշանակությունը՝ ՀՀ և ԱՀ մի խումբ մտավորականներ կոչ են արել միանալ ստորագրահավաքին՝ հանդես գալով բաց նամակով ուղղված ԱՀ նախագահին, ԱՀ ԱԺ նախագահին և ԱՀ պետնախարարին, որտեղ մասնավորապես ասվում է,որ միավորումը այլընտրանք չունի և ստորագրահավաքի այս նախաձեռնությունը հայոց միավորումն ապահովելու անհրաժեշտ ուղին է>,- նշվում է հաղորդագրության մեջ:


