Արմինֆո. ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերագործարկման, բարձր մակարդակի շփումների խրախուսման, առեւտրատնտեսական կապերի խթանման եւ պաշտպանական ոլորտում ավելի սերտ խորհրդատվությունների վերաբերյալ երկկուսակցական բանաձեւ է նախաձեռնել:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) մամլո ծառայությունում, Փալոունի նախաձեռնությանն աջակցել են կոնգրեսականներ Գուս Բիլիրակիսը, Ջեքի Շպեյերը, Փիթեր Քինգը եւ Ադամ Շիֆը:
Փալոունը հիշեցրել է, որ անցած տարի Հայաստանում տեղի ունեցան լուրջ ժողովրդավարական գործընթացներ, որոնք ոչ բռնի, թավշյա հեղափոխության միջոցով հանգեցրին իշխանափոխության և 2018-ի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման։
"Հայաստանը գտնվում է կրիտիկական փուլում, եւ ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունի, որը կարող է նպաստել այդ երկրում ժողովրդավարական ինստիտուտների եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների աճին։ Հուսով եմ, որ այս բանաձևը սկիզբ կհանդիսանա մեր ընդհանուր շահերի և արժեքների հիման վրա ԱՄՆ-Հայաստան լայնածավալ ռազմավարական գործընկերության նորացման համար։ Ես անհամբեր սպասում եմ այս ուղղությամբ իմ գործընկերների հետ աշխատանքի մեկնարկին: Բացի այդ, ես շարունակելու եմ աշխատել իմ գործընկերների հետ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ", - ասել է կոնգրեսականը։
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար: