Արմինֆո. Հայաստանի եւ Արցախի զինված ուժերում շարունակվում են զորավարժությունները՝ ՀՕՊ ուժերի ներգրավմամբ և հրաձգությամբ:
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ N զորամասի հրամանատար, գնդապետ Սևակ Տոռոզյանը զորամաս այցելած լրագրողների հետ զրույցում պատմել է, որ զորամասը շուրջօրյա մարտական հերթապահություն է իրականացնում, և հունիսի 18-ին մեկնարկած զորավարժությունների շրջանակում անցկացվում են ինչպես նոր, այնպես էլ արդիականացված Ս-300 զենիթահրթիռային համալիրների փորձարկումներ: Նրա խոսքով, իրականացվում են նաեւ հայկական արտադրության ռադիոտեղորոշման կայանների փորձարկումներ, մշակվում են Պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերի եւ միջոցների հետ համակարգման հարցերը:
Որպես իր խոսքերի ապացույց՝ Տոռոզյանը ուսումնական մարտական տագնապով զորամասը բերել է լիակատար մարտական պատրաստության վիճակի։ Զորքերը հաշված րոպեների ընթացքում օպերատիվ, համակարգված և խիստ ժամանակացույցով զբաղեցրել են մարտական դիրքերը և պատրաստ են եղել կատարել իրենց առջև դրված խնդիրները։
Ինչպես պատմել Է ՀՕՊ զորամասի հրամանատարը, համակարգը մարտական պատրաստության բերելու համար անհրաժեշտ է մինչեւ 6 րոպե: "Տագնապի ազդանշանից հետո զորքերը հաշված րոպեների ընթացքում գտնվում են լիակատար մարտական պատրաստության վիճակում եւ պատրաստ են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները", - ասել է նա, հավելելով, Ս-300 համալիրները շարժական են եւ կարող են տեղափոխվել ցանկացած տեղ:
"Մենք պատրաստ ենք ցանկացած պահի օր ու գիշեր, ցանկացած եղանակին հետ մղել ամեն մի ոտնձգություն։ Պատասխանատվության գոտում, Հայաստանի եւ Արցախի տարածքները պաշտպանված են ցանկացած ոտնձգությունից", - ընդգծել է Տոռոզյանը։
ՀՀ զինված ուժերը հունիսի 18-ից ԼՂՀ Պաշտպանության բանակի հետ պաշտպանական համագործակցության ծրագրի շրջանակներում հակաօդային պաշտպանության զորքերում անցկացնում են զորավարժություններ՝ ՀՕՊ համակարգերի ամբողջական ներգրավմամբ: